ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու տարբեր երկրների առաջնորդներ ողջունել են ԱՄՆ-Իրան համաձայնագիրը

Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և տարբեր երկրների առաջնորդներ ողջունել են ԱՄՆ-Իրան համաձայնագիրը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաձայնագիրն անվանել է «կարևոր քայլ դեպի հակամարտության խաղաղ կարգավորումը»։

«Եվրահանձնաժողովը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը և դրանից ակնկալում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, անցման վճարների վերացում, ինչպես նաև Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դադարեցում: Եվ, իհարկե, Մերձավոր Արևելքում խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է։ Եվրոպան կրկին կոչ է անում բոլոր կողմերին հարգել Լիբանանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և իրականացնել անկեղծ զինադադար»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերն համաձայնագիրը անվանել է «չափազանց կարևոր քայլ պատերազմը դադարեցնելու, տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու և Հորմուզի նեղուցը բացելու մեջ»։ Սթարմերը կոչ է արել «վերականգնել ազատ և անմաքս նավագնացությունը»։

«Ծովային նավարկության վերականգնումն առանց սահմանափակումների կամ վճարների կարևոր է տարածաշրջանային կայունության և համաշխարհային տնտեսության համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է երկու կողմերին համաձայնագրի կապակցությամբ, որը «կծառայի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կայուն մթնոլորտի հաստատմանը»։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հույս է հայտնել, որ «Հորմուզի նեղուցում ազատ և անվտանգ նավարկությունն իսկապես կապահովվի»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ համաձայնագիրը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համար։

 

Leave a comment