Իրանական Mehr գործակալությունը հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը բաղկացած է 14 կետից և վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը նախատեսում են անհապաղ և մշտական դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Միաժամանակ ԱՄՆ-ը պարտավորվում է չմիջամտել Իրանի ներքին գործերին և հարգել Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը։
Հուշագրում նախատեսվում է 30 օրվա ընթացքում ամբողջությամբ վերացնել Իրանի նկատմամբ կիրառվող ծովային շրջափակումը, ինչպես նաև դուրս բերել ամերիկյան զորքերը Իրանի սահմաններին մոտ գտնվող տարածաշրջաններից։ Փաստաթուղթը նաև նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացում և իրանական նավթի վաճառքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների կասեցում։
Նախագծի համաձայն՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն Իրանի ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր՝ 300 միլիարդ դոլարի ծավալով։ Բացի այդ, նախատեսվում է 60-օրյա բանակցային գործընթաց՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։
Իրանը, իր հերթին, պարտավորվում է չարտադրել միջուկային զենք։ Միաժամանակ ԱՄՆ-ը բանակցությունների ընթացքում չպետք է նոր պատժամիջոցներ սահմանի և չպետք է ընդլայնի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։
Փաստաթղթում նաև նշվում է, որ պետք է ապաշրջափակվեն Իրանի սառեցված 24 միլիարդ դոլարի ակտիվները, ստեղծվի համաձայնագրի կատարման վերահսկման մեխանիզմ, իսկ վերջնական համաձայնությունը հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով։
Նշվում է, որ վերջնական բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ չեն կատարվել մի շարք նախապայմաններ՝ ներառյալ Իրանի սառեցված միջոցների առնվազն կեսի ապաշրջափակումը, նավթային պատժամիջոցների կասեցումը և ծովային շրջափակման վերացումը։