Ներկայացնում ենք «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված Next Steps Toward Peace After the Armenian Elections հոդվածի հայերեն թարգմանությունը:
Հեղինակներն են Վաշինգտոնի Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի «Թուրքիան եւ աշխարհը» նախագծի ղեկավար Ալփեր Ջոշքունը եւ հիմնադրամի «Եվրոպա» ծրագրի հրավիրված գիտաշխատող, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։
Ալփեր Ջոշքուն, Կարո Փայլան
Հայաստանի ընտրությունները, որոնք կարող են որոշիչ լինել Հարավային Կովկասի ապագայի համար, ավարտվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակով։ Նրա հաղթանակը պահպանում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի՝ ավելի լայն տարածաշրջանային եւ արեւմտյան տնտեսական ցանցերին աստիճանական ինտեգրման հնարավորությունը։ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել, բայց ոչ ճնշող առավելությամբ։ Նա վերընտրվել է վարչապետի պաշտոնում, սակայն ընտրությունների արդյունքները կարող են բավարար չլինել այն քաղաքական մանդատն ապահովելու համար, որն անհրաժեշտ է Ադրբեջանի պահանջած սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համար՝ նախքան խաղաղության համաձայնագրի վերջնական կնքումը։
Դա չպետք է կողմերի համար գործընթացը հետաձգելու արդարացում դառնա։ Ընդհակառակը, ավելի սահմանափակ մանդատն ավելի հրատապ է դարձնում Ադրբեջանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ջանքերը՝ խաղաղության տեսանելի արդյունքներ ապահովելու ուղղությամբ։ Եթե խաղաղության գործընթացը կանգ առնի, խաղաղության եւ կարգավորման հակառակորդները ավելի շատ հնարավորություններ կունենան ամրապնդելու իրենց դիրքերը, իսկ հայ հասարակությունն ավելի հակված կլինի կարգավորումը դիտարկել որպես միակողմանի զիջում։ Իսկ եթե խաղաղությունը բերի շոշափելի օգուտներ՝ բաց սահմաններ, առեւտուր, ներդրումներ, էներգետիկ կապեր եւ նոր տնտեսական հնարավորություններ, ապա այն կարող է սկսել ձեւավորել այն ներքին լեգիտիմությունը, որն անհրաժեշտ է ցանկացած տեւական կարգավորման համար։
Այս համատեքստում հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դիվանագիտական հնարավորություն է ընձեռում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է օգտագործի այն եւ գագաթնաժողովի շրջանակում նպատակային հանդիպում կազմակերպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ։ Հանդիպման նպատակը պետք է լինի խաղաղության գործընթացի լճացման կանխումը եւ համատեղ հանձնառություն ստանձնումը՝ ձեւավորելու այն քաղաքական եւ տնտեսական հիմքերը, որոնք կարող են նոր թափ հաղորդել գործընթացին։
Առաջին քայլը պետք է լինի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումը ուղիղ առեւտրի եւ երրորդ երկրների քաղաքացիների տեղաշարժի համար՝ որպես խաղաղության գործընթացի իրականացման գործնական միջոց՝ Ադրբեջանի ըմբռնմամբ եւ աջակցությամբ։ Թող առեւտուրը սկսվի, եւ մարդիկ ազատ տեղաշարժվեն։ Թող տարածաշրջանի հասարակությունները, առաջին հերթին՝ հայերը, տեսնեն, որ հարաբերությունների կարգավորումը կարող է շոշափելի օգուտներ բերել։ Թող Ադրբեջանը ցույց տա, որ պատերազմում տարած հաղթանակն կարող է վերածվել առաջնորդության խաղաղության պայմաններում։ Եվ թող Թուրքիան ցույց տա, որ տարածաշրջանային կապակցվածության խթանմանն ուղղված իր երկարամյա աջակցությունը ներառում է նաեւ Հայաստանը, այլ ոչ միայն այն շրջանցող երթուղիները, եւ որ նա կարող է Ադրբեջանի հետ իր առանձնահատուկ կապերն օգտագործել հանուն ընդհանուր բարօրության։
TRIPP-ը եւ նոր պարադիգմը
Խաղաղության ուղղությամբ շարժումը նոր էջ է բացում Հարավային Կովկասի համար։ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Իլհամ Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին, որտեղ երկու առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը մոտեցրին ավարտական փուլին ավելի, քան երբեւէ Խորհրդային Միության փլուզումից ի վեր։ Խաղաղության համաձայնագիրը դեռ միայն նախաստորագրվել է եւ մի շարք բարդ հարցեր շարունակում են բաց մնալ։ Այնուամենայնիվ, ընդհանուր ուղղությունն ակնհայտ է. Հարավային Կովկասն ավելի քան երբեւէ մոտ է պատերազմը, մասնատվածությունն ու ժառանգված անվստահությունը փոխարինելու կապակցվածությամբ, փոխկախվածությամբ եւ համատեղ տնտեսական շահերով։
Այդ հնարավորությունը չի կարելի բաց թողնել։ Տարածաշրջանին անհրաժեշտ չէ հերթական սառեցված դիվանագիտական գործընթաց։ Նրան անհրաժեշտ է խաղաղության տնտեսություն։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագիծը կարող է առանցքային դեր ունենալ այդ գործընթացում: Պատշաճ իրականացման դեպքում TRIPP-ը չպետք է վերածվի միջանցքի, որն օգուտ է բերում մեկ կողմին՝ մյուսի հաշվին։ Այն պետք է դառնա Հարավային Կովկասի ավելի լայն տնտեսական համագործակցության հիմք՝ հիմնված ինքնիշխանության, փոխադարձության եւ համատեղ շահերի վրա։
Թուրքիայի դերը եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Թուրքիան այստեղ առանձնահատուկ դեր ունի։ Անկարան վաղուց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առաջընթացի հետ։ Այդ տրամաբանությունը հասկանալի է, սակայն այժմ այն պետք է հարմարեցվի նոր իրողություններին։ Մի ուղղությամբ գրանցվող առաջընթացը պետք է խթանի առաջընթացը մյուս ուղղությամբ։ Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների եւ առեւտրի համար զիջում չի լինի Հայաստանին։ Դա ներդրում կլինի տարածաշրջանային կայունության, Միջին միջանցքի (Եվրոպան Հարավային Կովկասի եւ Թուրքիայի միջոցով Կենտրոնական Ասիայի հետ կապող ճանապարհային, երկաթուղային եւ ծովային ուղիների ցանց) եւ Թուրքիայի սեփական ռազմավարական ազդեցության ամրապնդման գործում։ Այն նաեւ Ադրբեջանին հնարավորություն կտա աջակցել խաղաղության գործընթացն ամրապնդող այս նախաձեռնությանը՝ առանց իր հիմնարար բանակցային դիրքորոշումներից հրաժարվելու անհրաժեշտության։
Անկարան կարող է դառնալ ավելին, քան պարզապես հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման վայր։ Այն կարող է նաեւ տարածաշրջանի համար բեկումնային նոր փուլի սկզբնակետ հանդիսանալ, երբ տարածաշրջանի ապագայով առավել շահագրգռված առաջնորդները հանձնառություն կստանձնեն կյանքի կոչել հստակ եւ գործնական ճանապարհային քարտեզ՝ դիվանագիտական առաջընթացը վերածելով իրական քայլերի՝ սահմանների բացման, TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների արագացման, ինչպես նաեւ առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների եւ ներդրումների ոլորտներում ավելի լայն համագործակցության շրջանակի ձեւավորման միջոցով։
Շահում են բոլորը
Նման համագործակցության տրամաբանությունը միանգամայն հասկանալի է։ Հարավային Կովկասը գտնվում է Սեւ ծովի ավազանից մինչեւ Կենտրոնական Ասիա եւ Մերձավոր Արեւելք ձգվող աշխարհաքաղաքական աղեղի կենտրոնում։ Այն ժամանակ, երբ պատերազմները, պատժամիջոցներն ու տարբեր խափանումները բացահայտել են համաշխարհային մատակարարման շղթաների փխրունությունը, տարածաշրջանի աշխարհագրական դիրքն այլեւս չպետք է լինի խոցելիության աղբյուր։ Ընդհակառակը, այն կարող է դառնալ առավելություն։ Խաղաղ եւ փոխկապակցված Հարավային Կովկասը կարող է ամրապնդել Միջին միջանցքը, բարձրացնել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտրի դիմակայունությունը, ստեղծել նոր ուղիներ առեւտրի, էներգետիկայի եւ թվային կապակցվածության համար, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար ապահովել ավելի կայուն կամուրջ դեպի Կենտրոնական Ասիա։
Ադրբեջանի համար սա հնարավորություն է ռազմական հաղթանակը վերածել քաղաքական ձեռքբերման եւ ամրապնդել Ալիեւի ժառանգությունը։ Հետհակամարտային փուլ մտնելով ուժեղ դիրքերից՝ Բաքուն այժմ կարող է նպաստել այնպիսի տարածաշրջանային կարգի ձեւավորմանը, որտեղ նրա անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տնտեսական հավակնությունները ամրապնդվում են խաղաղության շնորհիվ, այլ ոչ թե մնում են մշտական առճակատումների ստվերում:
Հայաստանի համար սա գոյաբանական նշանակություն ունեցող հարց է։ Փաշինյանի քաղաքական նախագիծը հիմնված է այն գաղափարի վրա, որ Հայաստանը կարող է լինել ինքնիշխան, անվտանգ եւ բարգավաճ իր սահմանների մեջ՝ առանց արտաքին հովանավորներից կախվածության եւ հարեւանների հետ առճակատման։ Սակայն այդ տեսլականը միայն խոսքերով հնարավոր չէ կյանքի կոչել։ Ռուսաստանի երկարամյա ստվերը մշտապես սպառնալիք է եղել Հայաստանի անկախության համար։ Երկրին անհրաժեշտ են բաց սահմաններ, առեւտուր, ներդրումներ, ենթակառուցվածքներ եւ շարքային հայ քաղաքացիների կյանքի պայմանների տեսանելի բարելավում։ Հետեւաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը պարզապես երկկողմանի ժեստ չի լինի։ Այն կօգնի Հայաստանի ռազմավարական վերակողմնորոշման համար ստեղծել ամուր տնտեսական հիմք։
Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կնպաստի Անկարայի մի շարք վաղեմի նպատակների իրագործմանը։ Այն կամրապնդի Թուրքիայի դերը որպես տարածաշրջանային կապող օղակ, կաջակցի մինչեւ Կենտրոնական Ասիա ձգվող Միջին միջանցքի զարգացմանն ուղղված նրա հավակնություններին, կընդլայնի նրա ազդեցությունը Հարավային Կովկասում եւ կձեւավորի դրական օրակարգ Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ այն պայմաններում, երբ Անկարայի հարաբերությունները երկուսի հետ էլ շարունակում են բարդ մնալ։
Ավելին, քան ճանապարհ
Սակայն կապակցվածությունը չի կարող սահմանափակվել միայն ճանապարհներով եւ երկաթուղիներով: Ֆիզիկական ենթակառուցվածքները կարեւոր են, բայց հաշտեցման համար անհրաժեշտ է նաեւ ավելի խորքային տնտեսական հիմք: Հետպատերազմական Եվրոպայում ածուխն ու պողպատը նպաստեցին հաշտեցման ամրապնդմանը՝ ապագա հակամարտությունները դարձնելով տնտեսական եւ նյութական առումով անիմաստ ու անշահավետ: Այսօր Հարավային Կովկասում դրանց համարժեքը կարող է լինել էներգետիկայի եւ տվյալների համադրությունը։
Տարածաշրջանի փոխլրացնող առավելություններն այս հեռանկարը դարձնում են հատկապես գրավիչ: Հայաստանն ունի արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտ եւ մարդկային կապիտալի ամուր հիմք: Ադրբեջանն ունի զգալի էներգետիկ ռեսուրսներ եւ ձգտում է դառնալ արհեստական բանականության եւ տվյալների ենթակառուցվածքների տարածաշրջանային կենտրոն: Թուրքիան ունի արդյունաբերական հզորություններ, զարգացած արտադրական ներուժ եւ հասանելիություն դեպի եվրոպական եւ համաշխարհային շուկաներ: Միասին այս ռեսուրսները կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանային նախագծերի նոր սերնդի համար՝ հուսալի էներգիայով ապահովվող տվյալների կենտրոններ, Կասպից ծովով անցնող թվային միջանցքներ, էլեկտրաէներգետիկ եւ լոգիստիկ կապեր, ինչպես նաեւ մատակարարման շղթաներ, որոնք Կենտրոնական Ասիան ավելի դիմակայուն Հարավային Կովկասի միջոցով կմիացնեն Եվրոպային։
Հայաստանն ու Ադրբեջանը երկուսն էլ ձգտում են ավելի մեծ ռազմավարական ինքնավարության իրենց արտաքին քաղաքականության մեջ, սակայն նրանցից ոչ մեկը չի կարող անտեսել աշխարհագրական իրողությունները: Արեւելք-Արեւմուտք կապակցվածության նախագծերը գնալով ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար, մինչդեռ Հարավային Կովկասը նաեւ կարեւորագույն Հյուսիս-Հարավ միջանցք է, որն առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի եւ Իրանի համար: Հետեւաբար, նպատակը չպետք է լինի տարածաշրջանային կամ համաշխարհային որեւէ դերակատարի դեմ ուղղված տարածաշրջանային կարգի ձեւավորումը: Շեշտը պետք է դրվի բաց եւ ներառական շրջանակի վրա, որի առանցքում ընկած են կապակցվածությունը, առեւտուրը եւ զարգացումը։
Հարավային Կովկասում ռազմավարական ինքնավարությունը չի ապահովվի մեկ կախվածությունը մյուսով փոխարինելով: Այն կապահովվի ընտրության հնարավորությունների ընդլայնման շնորհիվ։
Առաջընթացի պահպանման համար անհրաժեշտ կլինի նաեւ արդյունավետ համակարգում Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջեւ: Արեւմտյան աջակցությունը վճռորոշ դեր է ունեցել վերջին շրջանում ստեղծված հնարավորությունների ձեւավորման գործում, սակայն առաջընթացը պահպանելու համար կպահանջվի հետեւողական ներգրավվածություն: Վաշինգտոնը զգալի դիվանագիտական ջանքեր է ներդրել օգոստոսի 8-ի գործընթացի եւ TRIPP-ի շրջանակներում: Եվրոպան, իր հերթին, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի դիմակայունության, տարածաշրջանային առեւտրի, էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման եւ Միջին միջանցքի նկատմամբ: Այս ջանքերը պետք է փոխլրացնեն միմյանց, այլ ոչ թե ընթանան զուգահեռ ուղիներով։
Մենք գրում ենք՝ ելնելով տարբեր պատմական փորձառություններից, բայց ընդհանուր համոզմունքով: Մեզանից մեկը ծառայել է որպես Թուրքիայի դեսպան Ադրբեջանում: Մյուսը Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր է, ով ունի հայկական ծագում:
Նույն երկրի ներսում ձեւավորված տարբեր կենսափորձերի շնորհիվ մենք գիտենք, թե որքան խորն են վերքերը, եւ որքան հեշտությամբ քաղաքականությունը կարող է հասարակություններին պահել ժառանգված վախերի, վիրավորանքների եւ անվստահության թակարդում։
Ահա թե ինչու մենք համոզված ենք, որ այս հնարավորությունը չի կարելի բաց թողնել։ Հարավային Կովկասում խաղաղությունը չի կարող մնալ անավարտ կամ սահմանափակվել միջանցքների եւ համաձայնագրերի դրույթների տեխնիկական լեզվով։ Այն պետք է տեսանելի դառնա մարդկանց առօրյա կյանքում՝ բաց սահմանների, առեւտրի, ճանապարհորդությունների, ներդրումների, էներգետիկ կապերի, թվային ենթակառուցվածքների եւ չափազանց երկար ժամանակ իրարից բաժանված ժողովուրդների միջեւ մարդկային շփումների աստիճանական վերականգնման միջոցով։
Հայերը, ադրբեջանցիները, թուրքերը եւ ամբողջ տարածաշրջանն արժանի են ավելի լավ ապագայի՝ հակամարտություններից զերծ եւ ատելության ու մրցակցության արատավոր շրջապտույտից դուրս։ Վերջին տարիները ցավոտ են եղել բոլոր կողմերի համար, եւ յուրաքանչյուր հասարակություն կրում է իր սեփական հիշողությունները, վերքերը եւ պատմությունը։ Սակայն այդ անցյալը շատ ավելի երկար համատեղ ճանապարհի ընդամենը մի մասն է։ Հասկանալով յուրաքանչյուր կողմի տառապանքները՝ կարելի է զուգահեռաբար կառուցել այլ ապագա՝ հիմնված հարեւան ժողովուրդների միջեւ համակեցության, փոխգործակցության, առեւտրի եւ խաղաղ հարաբերությունների վրա։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: