Impacture 2026 կոնֆերանսում քննարկվեցին բիզնեսի եւ ոչ առեւտրային ոլորտի համագործակցության շատ թեմաներ, բայց համաժողովից հետո իմ գլխում անընդհատ պտտվում է նույն միտքը՝ բիզնեսը եւ ոչ առեւտրային կառույցները իրարից սովորում են։
Տարիներ շարունակ Հայաստանում եւ ոչ միայն այստեղ հաճախ կրկնվում էր նույն պատկերացումը․ ոչ առեւտրային կառույցները պետք է սովորեն աշխատել բիզնեսի տրամաբանությամբ՝ ավելի արդյունավետ, ավելի չափելի, ավելի վաճառքային։ Բայց գրեթե երբեք չեմ լսել հակառակ հարցը՝ իսկ բիզնեսն ի՞նչ կարող է սովորել ոչ առեւտրային կառույցներից։
Impacture 2026 համաժողովի ընթացքում այդ հարցը տվեցի IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին։ Նրա պատասխանը շատ հետաքրքիր էր․ «Մենք ոչ առեւտրային կառույցներից սովորել ենք ավելի լավ գնահատել համայնքների կարիքները»։
Իմ կարծիքով՝ հենց սա է այն փոփոխության նշանը, որը աստիճանաբար սկսում է ձեւավորվել Հայաստանում։ Բիզնեսը ոչ առեւտրային կառույցներին այլեւս չի դիտարկում միայն որպես օգնություն ստացող կողմ, այլ՝ որպես գործընկեր, որը կարող է իրական արժեք բերել համատեղ աշխատանքի մեջ։
Իհարկե, դեռ ոչ բոլոր բիզնեսներն են այս անցումը կատարել։ Բայց շարժը արդեն զգացվում է։ Եվ հենց այս անցման ընթացքում է փոխվում նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ընկալումը՝ ոչ թե որպես առանձին հավելում, այլ որպես մտածողության եւ ռազմավարության մաս։
Նշվեց նաեւ, որ կարեւոր է փիլիսոփայությունը։ Բիզնեսը պետք է որոշում կայացնի՝ իր ներդրումներով պարզապես ժամանակավորապես մեղմո՞ւմ է խնդիրները, թե՞ փորձում է հասկանալ դրանց խորքային պատճառները եւ ներգրավվել դրանց լուծման գործընթացում՝ համագործակցելով այն կառույցների հետ, որոնք այդ խնդիրներին ամենամոտն են։
Այս համատեքստում ոչ առեւտրային կազմակերպությունները ունեն սոցիալական խնդիրների եւ դրանց լուծման մեխանիզմների խորքային պատկերացում, երկար տարիների փորձ եւ անմիջական կապ համայնքների հետ։ Բիզնեսը, իր հերթին, բերում է ֆինանսական ռեսուրսներ, կառավարման գործիքներ եւ մասշտաբավորման հնարավորություն։ Եվ հենց այստեղ է ձեւավորվում իրական համագործակցության ներուժը։
Բայց այս համագործակցության մեջ կարեւոր են ոչ միայն ռեսուրսների փոխանակումը, այլ նաեւ ճիշտ դիրքավորումը։
Դահլիճից հնչեց մի միտք, որը, կարծում եմ, շատ կարեւոր է այս խոսակցության համար․ սխալ է, երբ ոչ առեւտրային կազմակերպությունը բիզնեսին մոտենում է միայն «ուզողի» դիրքից։ Այդ մոտեցումը ինքնաբերաբար ստեղծում է անհավասար հարաբերություն, որտեղ քննարկումը սկսվում է ոչ թե համատեղ լուծումից, այլ խնդրանքից։
Ճիշտ մոտեցումը հավասարը հավասարի զրույցն է։ Եվ այստեղ առանցքային դեր ունի հենց ոչ առեւտրային ոլորտը՝ այն կարող է եւ պետք է ձեւավորի այդ համագործակցության լեզուն։
Ի վերջո, երբ բիզնեսը եւ ոչ առեւտրային կառույցները սկսում են իրար դիտարկել որպես գործընկերներ, փոխվում է ոչ միայն համագործակցության ձեւաչափը, այլ նաեւ ազդեցության տրամաբանությունը։ Խոսքը այլեւս ոչ թե «օգնելու» կամ «ստանալու» մասին է, այլ միասին խնդիր լուծելու եւ փոփոխություն իրականացնելու կարողության մասին։
Շարմաղ Սաքունցը ԱՊՐԻ Արմենիայի Ֆոնդհայթայթման եւ բարերարների հետ կապերի ղեկավարն է, Fundraisers Club Armenia-ի համահիմնադիրը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: