Քաղաքականություն
14.06.2026 | 21:38
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփման նախագծի մեջ օգտագործված է հետևյալ ձևակերպումը, թե այս տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների ամբողջ գործընթացի վրա: Այս մասին ԿԸՀ-ի մոտ հավաքվածներին ասաց ԲՀԿ-ի պատգամավորության թեկնածու Իվետա Տոնոյանը։
«Այս դեպքում բնականաբար հասկանալի է, որ որքան էլ Վահագն Հովակիմյանը փորձի ձայնն իջեցնելով, դողդոջուն ձայնով այս հատվածն այնպես ընթերցել, որ հասկանալի չլինի, թե ինչ ձևակերպում է օգտագործում, բոլորին էլ հասկանալի է, որ կոնկրետ այս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելն արվել է միտումնավոր և հետևողականորեն, որպեսզի պարզապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թվաբանական մանիպուլյացիայի արդյունքում չհայտնվի խորհրդարանում:
Մենք դրա հետ կապված մեր վերապահումները հնչեցրել ենք նաև ընդդիմադիր մյուս գործընկերների հետ միասին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին՝ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ, ուղղել ենք հետևյալ հարցը. արդյո՞ք իրենք իրապես այդպես են կարծում: Եթե այդպես են կարծում, որ 3,000-ից ավել մեր հայրենակիցների քվեարկությունը, որի արդյունքում 58,000-ից ավել վստահության քվե ու ձայն ստացած ուժը չի հայտնվում խորհրդարանում, ուրիշ էլ ի՞նչ կարող է լինել էական ազդեցություն ընտրությունների արդյունքի և ելքի վրա»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։