Անչափահասին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Նախօրեին Շենգավիթի ոստիկանները բակում հայտնաբերել էին 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով


ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․  Փետրվարի 5-ին՝ ժամը 00:40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի տներից մեկի բակում երեխայի դի կա։


Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։


Դեպքի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը հարցում է ուղղել ՀՀ Քննչական կոմիտե։


Կոմիտեից տեղեկացրել են, որ անչափահասին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:


«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն»,-նշվել է պարզաբանման տեքստում։


 


Leave a comment