Ալիևի օգնականն առաջին անգամ այցելել է ՀՀ. Դիլիջանում Հաջիևին ընդունել է Արմեն Գրիգորյանը

Բաժանորդագրվել

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Դիլիջանում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ սա Ալիևի օգնականի առաջին այցն է Հայաստան։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:

Leave a comment