Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորումը․ Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հունիսի 15-17-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, որտեղ կանցկացնի բանակցություններ երկկողմ և միջազգային օրակարգի լայն շրջանակի հարցերի շուրջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը, մասնավորապես՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների ֆոնին զարգացումները, ինչպես նաև պաղեստինյան խնդրի կարգավորման հեռանկարները։

Կողմերը մտքեր կփոխանակեն նաև Սևծովյան տարածաշրջանում իրավիճակի, անվտանգ նավագնացության ապահովման, Սիրիայի, Լիբիայի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Հարավային Կովկասին, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հետպատերազմյան վերականգնման գործընթացներին և «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը։

Բանակցությունների օրակարգում են նաև ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցությունը, բանկային ոլորտում փոխգործակցության ընդլայնումը, «Աքքույու» ատոմակայանի շինարարությունը, ինչպես նաև «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների շահագործման հարցերը։

Ռուսական կողմը հույս է հայտնել, որ Մոսկվայում կայանալիք հանդիպումը կհաստատի ռուս-թուրքական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության հետագա զարգացմանը։

Leave a comment