Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է հունվարի շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։
Հունվարին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 75 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 68.48%-ով, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 55 գործարք՝ շուրջ 13․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 11% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 12․3 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1174 գործարք՝ հունվարի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 175 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 211․4 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ շուրջ 473․4 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 21%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.96%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 202 գործարք։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ: Հունվար ամսին կնքվել է 39 ռեպո գործարք։
Հունվարին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 12 գործարք՝ ավելի քան 2․8 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձեւավորվել է 379-380․50 դրամ միջակայքում, առաջարկը՝ 379-380.90 դրամի միջակայքում։ Կնքված գործարքների միջին գինը կազմել է 379.7 դրամ։
Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում: