«Վարչական դատարանը մերժել է ԲՀԿ-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը․ կոչ ենք անում բոլորին հավաքվել ԿԸՀ-ի մոտ»․ հայտարարություն

Քաղաքականություն

14.06.2026 | 10:57

Սիրելի՛ հայրենակիցներ, թեև Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։ Այս մասին նշվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ։

«Այդ իսկ պատճառով, կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ, որտեղ ամփոփվելու են ընտրության արդյունքները։

Կոչ ենք անում ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներին, հասարակական–քաղաքական հանրույթի ներկայացուցիչներին, մեր բոլոր ակտիվ ու սրտացավ քաղաքացիներին միասնական ճակատով պայքարել հանուն արդարության։ Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է ընտրողի իրավունքի վերականգման համար, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար»,-նշվում է հայտարարության մեջ։

Leave a comment