ԱՄՆ-ն և Իրանը, Պակիստանի և Կատարի միջնորդությամբ, կիրակի օրը կանցկացնեն վիրտուալ հանդիպում և էլեկտրոնային եղանակով կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի երկարաձգում 60 օրով, Հորմուզի նեղուցի բացում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ամերիկացի պաշտոնյաները հաստատել են, որ ստորագրումը կանցկացվի առցանց՝ հիմնականում լոգիստիկ պատճառներով։ Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում է ամերիկյան բանակցային պատվիրակությունը, չէր հասցնի վերադառնալ Միացյալ Նահանգներ մինչև նախագահ Դոնալդ Թրամփի մեկնումը G7-ի գագաթնաժողովին, որը նախատեսված է երկուշաբթի առավոտյան։
Միաժամանակ Իսրայելում մտահոգված են, որ հնարավոր համաձայնագիրը ոչ թե կդադարեցնի Իրանի միջուկային ծրագիրը, այլ պարզապես կհետաձգի դրա զարգացումը։ Իսրայելական կողմում նաև անհանգստություն կա, որ Թեհրանը կարող է ստանալ տասնյակ միլիարդավոր դոլարներ՝ արտասահմանում սառեցված ակտիվների ապասառեցման արդյունքում։
Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ նման համաձայնագիրը «տասնամյակներով վնաս կհասցնի Իսրայելի անվտանգությանը»։ Մինչդեռ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության աջակողմյան մի շարք նախարարներ սպառնացել են դուրս գալ իշխող կոալիցիայից, եթե ստորագրվի այն, ինչ իրենք անվանում են «կապիտուլյացիայի համաձայնագիր»։
Այնուամենայնիվ, Axios-ի տվյալներով, Նեթանյահուն, ըստ երևույթին, ընդունել է, որ չի կարող կանխել Թրամփի նախաձեռնությունը։ Վաշինգտոնում հույս ունեն, որ ժամանակի ընթացքում Իսրայելը նույնպես կմիանա գործընթացին։