Իրանը փլուզել է ուրանի պաշարներ տանող թունելները և ականապատել մուտքերը․ CNN

Վերջին շաբաթներին Իրանը ակտիվացրել է ջանքերը՝ Սպահանում իր բարձր հարստացված ուրանի պահեստը փակելու համար:

ԱՄՆ հետախուզությանը ծանոթ աղբյուրները CNN-ին հայտնել են, որ օբյեկտ տանող թունելները փլուզվել են, իսկ դրանց մուտքերը՝ ականապատվել:

Հեռուստաալիքի աղբյուրները նշել են, որ ուրանի պաշարներին մուտք գործելն այժմ շատ ավելի դժվար և վտանգավոր է դարձել, այդ թվում՝ հենց իրանցիների համար: Սա կպահանջի ծանր փորման սարքավորումներ և ականազերծում:

Ուրանի պաշարների Իրանից դուրսբերումը Վաշինգտոնի պահանջներից մեկն է Թեհրանից: Ուրբաթ օրը Թրամփի վարչակազմի պաշտոնյան հայտարարել է, որ երկու կողմերը մոտենում են համաձայնագրի, որը կպարտավորեցնի Իրանին հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ: Այն կոչնչացվի տեղում, ապա կհեռացվի երկրից:

Այնուամենայնիվ, երկու կողմերի պաշտոնյաներն էլ նախկինում հակասական տեղեկություններ են տրամադրել նախնական համաձայնագրի վերաբերյալ, և դրա ճշգրիտ պայմանները մնում են անհայտ:

ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իրանն ունի մոտավորապես 440 կիլոգրամ բարձր հարստացված ուրան, որի մեծ մասը պահվում է Իրանի Սպահան քաղաքի ստորգետնյա թունելներում։ Հարստացման մակարդակը 60 տոկոս է, զենքի արտադրության համար այս մակարդակը պետք է բարձրացվի մինչև 90 տոկոս։

CNN-ի տվյալներով՝ մայիսի կեսերին ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են եղել ուրանը հեռացնելու գործողություն իրականացնել։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է գործողությունը՝ զգուշացնելով, որ դա հավանաբար կհանգեցնի Իրանի կողմից կոշտ պատասխան միջոցների և կերկարաձգի պատերազմը։

Leave a comment