Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, նաև կա պայքարի նոր, բավականին հետաքրքիր հնարավորություն. Քոչարյան

«Ես մեծ փորձ ունեմ քաղաքականության մեջ, այդպիսի բան երբեք չի եղել, և միայն այս բլոկը արդեն բավարար է համարելու, որ միջամտությունը եղել է այն աստիճանի, որը կարող էր ունենալ ազդեցություն վերջնական արդյունքների վրա»,- մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրություններում արձանագրված խախտումների, մասնավորապես, արտաքին ազդեցության մասին։

Նա նշել է. «Ես բոլոր խախտումները կբաժանեմ մի քանի բլոկի։ Առաջինը և ամենից կարևորը կհամարեի հենց դրսի աջակցությունը, որը ուղղակի նախադեպ չուներ՝ սկսած Միացյալ Նահանգների փոխնախագահի աջակցության հայտարարությունից, հետո Թրամփի, Ռուբոյի օդանավակայանային այցը՝ կեսժամանոց մամուլի ասուլիսով, Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությունները, տարբեր եվրոպական երկրների առաջնորդների, Մակրոնի՝ ուղղակի նախադեպը չունեցող միջամտությունը ընտրություններին։ Ես մեծ փորձ ունեմ քաղաքականության մեջ, այդպիսի բան երբեք չի եղել, և միայն այս բլոկը արդեն բավարար է համարելու, որ միջամտությունը եղել է այն աստիճանի, որը կարող էր ունենալ ազդեցություն վերջնական արդյունքների վրա։ Սա մեկ բլոկ։

Երկրորդ բլոկը՝ բյուջետային աննախադեպ ծախսերն էին, որոնք կարելի է հանգիստ համարել բյուջետային կաշառք ընտրական գործընթացի ժամանակ։ Եվ հատկապես կենսաթոշակների այդ բարձրացումը, որը նախատեսված չէր բյուջեով։ Վերջապես, եթե այդպիսի բան պլանավորում էիք, դուք կարող էիք դա նախատեսել բյուջեով։ Նախատեսված չէր։

Օրինակ, արձակուրդում գտնվող վարչապետը հանկարծ վարորդական իրավունքների բալային համակարգի հետ կապված դժգոհության հարց է լուծում։ Սա ուղղակի վարչական ռեսուրսի չարաշահում է, և համարում եմ, որ սա պետք է քրեաիրավական գնահատական ստանա, և ոչ միայն սա։

Սա երկրորդ բլոկն է, և տարբեր գնահատականներով մոտ 1 միլիարդ դոլարի չափ գումար է նետվել, որի մի զգալի մասը նախատեսված չէր բյուջեով, և սա կարելի է համարել բյուջեի այսպես չարաշահում ընտրական գործընթացներում։

Պետական ոլորտի աշխատողների վրա ճնշումը համատարած էր, նույնիսկ դիտորդներն են դա արձանագրել։

Եվ վերջապես այն բռնաճնշումները, որոնք եղան ընդդիմադիր գործիչների նկատմամբ՝ կալանավորումներ, ձերբակալություններ։ Շատ-շատ էին, նախադեպ չունեն այսպիսի ծավալները։

Նույնիսկ ես ավելին կասեմ՝ Հայաստանում բոլոր տեղի ունեցած ընտրությունների ընթացքում միասին այդքան կալանավորումներ, ձերբակալություններ և քրեական գործեր չեն հարուցվել, ինչպես միայն այս ընտրությունների ժամանակ»,- ասել է Ռ. Քոչարյանը։

Նա նշել է, որ այս ամենի նպատակն էր քայքայել, խաթարել ընդդիմադիր ուժերի շտաբերի աշխատանքը։

«Միայն այս բլոկն արդեն ևս բավարար է ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու համար, քանի որ այս գործողությունն ակնհայտ ազդել է վերջնական արդյունքների վրա»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Նա ընդգծել է, որ այս գործոնները համակցված վերցնելով՝ գալիս են մեկ եզրակացության՝ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ։

Ռ.Քոչարյանը նշել է, որ դիմելու են ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, սակայն ակնկալիք չունեն, բայց այս պրոցեսով պետք է անցնեն, ՍԴ նիստերի ընթացքում պետք է ցույց տան հանրությանը, թե ինչ է կատարվել մինչև ընտրության օրն ու քվեարկության ընթացքում։

«Ակնկալիք չունեմ, բայց պետք է դիմել այս ամենը ֆիքսելու համար»,- ընդգծել է Ռ.Քոչարյանը։

Ինչ վերաբերում է միասնական ընդդիմության քայլերին, նա նշել է. «Շփումներ կան, միասին կոնսուլտացիաներ են իրականացնում, միասնական գործողություններն ինչպիսին կլինեն, ցույց կտա ժամանակը, այս պահին չեմ կարող ասել։

Մտահոգությունը բոլորի մոտ է, և այն, ինչ կատարվում է հիմա, օրինակ, ԲՀԿ-ի ձայների հետ, ուղղակի ևս մի արտառոց բան է։

Ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում, որի իրավունքը ուղղակի չունի։ Ինքը չի կարող անվավեր ճանաչել որևէ տեղ։ Ինքը կարող է այդ տեղամասում նոր ընտրություն կազմակերպել, բայց զուտ անվավեր ճանաչելու իրավունք չունի։

Ընդհանրապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կեցվածքը շատ տարօրինակ էր ամբողջ գիշերը և իսկապես հարցեր է առաջացնում։ Սա ՔՊ-ի շարունակությունն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նախկին ՔՊ-ական պատգամավոր է, և անաչառության որևէ նշույլ այստեղ ուղղակի չկա։

Սա մեծ հարցեր է առաջացնում և ավելացնում է ոչ լեգիտիմ, այսպես, ընտրությունների ընկալմանը բավական լուրջ փաստարկներ»։

Ինչ վերաբերում է մանդատներ վերցնել-չվերցնելուն, Ռ.Քոչարյանը նշել է. «Հնարավորությունը հիմա ավելի մեծ է մանդատների քանակի առումով, կա մեկ այլ քաղաքական ուժ, որը մեզանից ավելի շատ մանդատներ է ստացել, նոր դեմքերով են հանդես գալիս։ Այստեղ պայքարի նոր, բավականին հետաքրքիր հնարավորություն է բացվում։ Գումարենք, որ իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ է լինելու ողջ այդ ընթացքում, ինչը չի եղել նախորդ ժամանակներում։

Ընդդիմադիր ձայները շեշտակի ավելացել են։ Եթե փոշիացված ձայները գումարենք, մեծ մասը ընդդիմադիր ձայներ են, 600 հազարից ավելի է ստացվում և եթե դրա 10 տոկոսը դուրս գա փողոց, բավարար է մեկ տարում այս իշխանությանը հարցերը լուծել։ Պոտենցիալը կա, հիմա ինչպես կկարողանանք այդ պոտենցիալն օգտագործել, կախված է և մեզանից, և որոշ զարգացումներից»։

Leave a comment