Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:
զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։
Ծառուկյանը հայցադիմումով պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի 2026թ. մայիսի 28-ի ճեպազրույցում իր վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, մասնավորապես՝ նրան «հանցագործ», «շպիոն», «գործակալ» անվանելը, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու» և «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ տվյալները։ Ըստ ԲՀԿ ղեկավարի՝ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը, սուտ են։
Հերքումը պետք է կատարվի ԶԼՄ-ներին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելով և հրապարակվի 13 լրատվական կայքերում կամ նրանց յութուբյան հարթակներում։
Ծառուկյանը պահանջվում է, որ Փաշինյանը նույն կարգով և ժամկետում հրապարակայնորեն ներողություն խնդրի նույն լրատվամիջոցներով, հետևյալ տեքստով.
«Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանից 2026 թվականի մայիսի 28-ին ճեպազրույցիս ժամանակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված՝ Գագիկ Ծառուկյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես՝ ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանին շպիոն, գործակալ, հանցագործ անվանելու համար»։
Նա նաև պահանջում է Փաշինյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար, ինչպես նաև նախապես վճարված 310 հազ. դրամ պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացվել է 2026թ. հունիսի 2-ին և վարույթ ընդունվել հունիսի 12-ին։ Գործը քննում է դատավոր Նաիրա Ավետիսյանը։ Հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայց են ներկայացրել նաև «Հայաստանի Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ի դեմ։
Հայցադիմումով պահանջում են, որ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ն հրապարակայնորեն հերքի 2026 թվականի մայիսի 24-ին «Առաջինի լրատվական ալիքի» կայքում տեղադրված՝ «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ ռեպորտաժը։
Հերքումը պետք է տեղադրվի նույն հղմամբ և հեռարձակվի «Լուրեր» հաղորդման ընթացքում՝ տևողությամբ, ձևավորմամբ և կարևորությամբ չզիջելով սկզբնական նյութին, որի տևողությունը կազմել է 11 րոպե 39 վայրկյան։
Կուսակցությունն ու վերջինիս առաջնորդը պահանջում են, որպեսզի հերքումը հրապարակվի նաև www.1lurer.am «Առաջինի լրատվական ալիքի» կայքով, «ՅուԹյուբ»-ում, «Ֆեյսբուք»-ում։
Հայցադիմումում նշված է, որ հեռուստաընկերությունը տեղեկատվությունը չի ներկայացրել բարեխիղճ և հավասարակշռված․ չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։ Ըստ «Բարգավաճ Հայաստան»-ի և Գագիկ Ծառուկյանի՝ իրականությանը չի համապատասխանում այն, որ կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ, և որ նշված բոլոր թեզիսները և պնդումները սխալ են։
Ըստ հայցվոր կողմի՝ հոլովակը ներկայացվել է տեսանյութի հրապարակման պահին իշխող քաղաքական ուժի օրակարգին համահունչ՝ այն ծառայեցնելով վերջինիս շահին և ընտրություններում այլ թեկնածուների նկատմամբ առավելություն ձեռք բերելուն։ Իրականում ԲՀԿ-ն քաղաքական գործընթացներում անկախ և ինքնուրույն գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին։ «ԲՀԿ-ն ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու և մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով»,- նշված է հայցադիմումում:
Տեսանյութում նաև խոսվում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական գործերի մասին, որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը, ըստ հայցվորների, չի ներկայացվել բարեխիղճ և հավասարակշռված, և որ լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ՝ պարզելու ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը՝ ներկայացնելով միակողմանի սխալ տեղեկատվություն, իսկ Ծառուկյանը մեղավոր չի ճանաչվել, արդարացվել է իր նկատմամբ հարուցված քրեական բոլոր վարույթներով։
Հայցվորները պահանջում են «Հայաստանի Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ից բռնագանձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի օգտին 6-ական միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, յուրաքանչյուր հայցվորի մասով նախապես վճարված 200 հազար դրամ պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։ Այս գործը մակագրվել է դատավոր Գուրգեն Քոթանջյանին։