Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հուշագրով կողմերը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունը և չմիջամտել միմյանց ներքին գործերին։
«ԱՄՆ-ն և Իրանը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունը և չմիջամտել միմյանց ներքին գործերին՝ լիովին հավասար պայմաններով»,-նշել է Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև հնարավոր համաձայնագրի այլ կարևոր դրույթներին։
Նրա խոսքով՝ համաձայնագրի անբաժանելի մաս է լինելու Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ իրականացվող ռազմական գործողությունների դադարեցումը։
Արաղչին ընդգծել է, որ համաձայնագիրն ունի հակառակորդներ, որոնց գլխավորում է «սիոնիստական ռեժիմը»։ Նա նշել է, որ հետագայում մանրամասներ կներկայացնի այն փորձերի մասին, որոնք, իր պնդմամբ, ուղղված են եղել համաձայնագրի տապալմանը։
«Եթե այժմ սկսենք մանրամասների մեջ խորանալ, դա կարող է լարվածություն առաջացնել և վտանգել համաձայնագրի ստորագրումը», – ասել է նա։
Իրանի ԱԳ նախարարը նաև զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման նախնական հուշագրի դրույթների խախտումը կարող է խափանել վերջնական համաձայնագրի կնքումը, որը ներառում է նաև միջուկային ծրագրին վերաբերող հարցերը։