ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր ձկնատեսակներ ինքնակամ բաց են թողնվել ջրային ավազաններ։
Նախարարությունը հիշեցնում է, որ Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը Հայաստանի Հանրապետության համար ունեն բացառիկ բնապահպանական, ջրային և կենսաբազմազանության նշանակություն։
«Այդ պատճառով Սևանա լճում, նրա ջրհավաք ավազանում, գետերում և այլ բնական ջրային միջավայրերում ցանկացած միջամտություն, այդ թվում՝ կենդանական տեսակների բացթողումը, կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով, համապատասխան մասնագիտական գնահատման և լիազոր մարմնի թույլտվության հիման վրա։
Թեև նման գործողությունները հաճախ կատարվում են բարի մտադրությամբ, առանց մասնագիտական գնահատման դրանք կարող են հանգեցնել լուրջ և երբեմն անդառնալի հետևանքների՝
խաթարել բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը,
վտանգել տեղական ձկնատեսակների պահպանությունը,
նպաստել օտարածին կամ ինվազիվ տեսակների տարածմանը,
տարածել հիվանդություններ և մակաբույծներ,
բացասաբար ազդել Սևանա լճի և հարակից ջրային էկոհամակարգերի կենսաբազմազանության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հորդորում է զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու գործողություններից։
«Բնության պահպանությունը պահանջում է ոչ միայն բարի կամք, այլև գիտական հիմնավորում, մասնագիտական գնահատում և գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանում։ Բարի մտադրությունը չպետք է վերածվի բնության համար վտանգավոր միջամտության։ Եթե տեղեկություններ ունեք նման դեպքերի վերաբերյալ, խնդրում ենք այդ մասին հայտնել լիազոր կամ իրավապահ մարմիններին՝ հնարավոր բացասական հետևանքները կանխելու նպատակով»,- նշում են ՇՄՆ-ից։