Ուկրաինայի պատերազմում զոհվել է 18 տարին չլրացած առնվազն 200 ռուսաստանցի․ BBC

Քաղաքականություն

12.06.2026 | 18:38

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 18 տարեկանից փոքր առնվազն 200 ռուսաստանցի զինվորական։ Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը, որը Mediazona-ի և կամավորների թիմի հետ համատեղ կազմում է զոհվածների ցուցակը, գրում է Meduza-ն։

Հունիսին հաջողվել է հաստատել առաջին զոհված զինվորի անունը․ նա ծնվել է 2008 թվականին, նույնականացվել է որպես Մոսկվայի մարզի բնակիչ Ալիշեր Սվիրին, որը մահացել է 2026 թվականի մայիսի 1-ին։ Սվիրինը պայմանագրով է ծառայել՝ որպես գնդացրորդ 123-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադում, այս մասին վկայում է  Պավլովո-Պոսադսկի շրջանի քաղաքային խորհրդի պատգամավոր Ռոման Տիկունովի հրապարակած կարճ մահախոսականը։ Սվիրինը հուղարկավորվել է Նովոյե Գորոդսկոյե գերեզմանատան Հերոսների ծառուղում։

Հայտնի չէ, թե երբ է Սվիրինը ստորագրել իր պայմանագիրը և ուղարկվել ռազմական գործողությունների գոտի։ Հաշվի առնելով տարիքը՝ նա չէր կարող ծառայել երեք ամսից ավելի։

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ հունիսի 12-ի դրությամբ՝ բաց աղբյուրների տվյալների հիման վրա հնարավոր է եղել նույնականացնել Ուկրաինայի հետ պատերազմում զոհված 226,055 ռուսաստանցի զինծառայողների։

2023 թվականի դեկտեմբերին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդել էր Ուկրաինայի հետ պատերազմում զոհված առաջին 18-ամյա ռուս պայմանագրային զինծառայողի մասին։

2025 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը սկսել է ուսանողների հավաքագրման արշավ՝ անօդաչու ուժերում ծառայելու համար։ Նրանց խոստացել էին միայն մեկ տարվա պայմանագրեր (իրականում պայմանագրերը անորոշ ժամանակով էին)։ Մայիսին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդել էր առաջին զոհված ուսանողի մասին, որն անօդաչու զորքերում ծառայության պայմանագիր էր կնքել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment