Ժաննա Անդրեասյանն այսօր հիշեցրեց, որ ավելի վաղ գերատեսչությունն արդեն հայտնել էր դպրոցների, քոլեջների և բուհերի գործունեությանը վերաբերող ահազանգերի մասին: Նախարարության անմիջական ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, իսկ մնացած դեպքերի վերաբերյալ առաջարկություններ են ուղարկվել իրավապահ կառույցներին:
Անդրեասյանի խոսքով՝ նախարարության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կրթական հաստատությունների ղեկավարները չպետք է վարչական ռեսուրսն օգտագործեն քաղաքական նպատակներով։
Անդրեասյանի խոսքով` ղեկավար պաշտոնների համար, ըստ այդմ, մրցույթներ և հարցազրույցներ անցկացնելիս հաշվի կառնվեն ոչ միայն թեկնածուների մասնագիտական հմտությունները, այլև նրանց անձնական որակները։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա տարիներին հանրակրթության ոլորտում նախարարության վերահսկողական լիազորությունները կընդլայնվեն: Եթե ներկայում գերատեսչության ենթակայության տակ են գտնվում միայն 10–12–րդ դասարաններն ընդգրկող ճեմարանները, ապա 2026 թվականի սեպտեմբերից նախարարության ենթակայության տակ կանցնեն նաև մարզային 1–9–րդ դասարանները, իսկ 2027 թվականի սեպտեմբերից՝ Երևանի համանման դպրոցները։