ԲՀԿ-ն սկսել է Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց

Սահմանադրական դատարան դիմելն ունի 2 կարևոր տարր


ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսել է Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց, հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարան դիմելն ունի 2 կարևոր տարր։

«Մեկը անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և գնալ ավելի արդար ընտրությունների։ Երկրորդը՝ այս խնդիրները բարձրաձայնել, հստակեցնել, ֆիքսել, որպեսզի հետագայում առնվազն հնարավոր լինի խուսափել նման խնդիրներից և հստակ լինի, թե ինչ է տեղի ունեցել», – նշեց Օրբելյանը կուսակցության հրավիրած ասուլիսի ժամանակ։

Ըստ փաստաբանի՝ կա մի քանի տարբերակ․ ՍԴ-ն կարող է անվավեր ճանաչել արդյունքները, հաստատել խախտումները կամ որոշել, որ խախտումներ չեն եղել։

Նա վերջին տարբերակը գրեթե բացառեց՝ նշելով, որ վիճելի հարցն այն է, թե որքանով ՍԴ-ն կգնահատի, որ խախտումներն ազդել են ընտրությունների վերջնական արդյունքի վրա։

Ընտրությունների մասին

ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:

Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր հունիսի 12–ին դիմել է ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և վերանայել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայները։

Leave a comment