1993-ին հիմնադրվեց «Պարի աստղեր» շոու ստուդիան, որն այժմ մի մեծ ընտանիք է ներկայացնում` շնորհիվ գեղարվեստական ղեկավար Էրիկ Քոչարյանի և պարուսույց Աննա Աղագուլյանի նվիրումի և ջանքերի։ Համերաշխ այս կոլեկտիվում պարի այբուբենն են սերտել մի քանի սերունդներ, հազարավոր սաներ։
Եղել են բազում մենահամերգներ, տարբեր շրջագայություններ, որոնց շնորհիվ ստուդիան ավելի ուժեղ և վստահ է դարձել։
Այն այժմ Կապանի սիրված մշակութային խմբերից է, որը մշտապես մասնակցում է համաքաղաքային գրեթե բոլոր միջոցառումներին՝ գույն ու երանգ հաղորդելով դրանց։
Հաջողություններն էլ երկար սպասել չեն տվել։ Մասնավորապես, 2025-ի նոյեմբերին Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացված «Նազանք-2025» բազմաոճ պարերի հանրապետական մրցույթ-փառատոնում համույթը աչքի ընկավ բարձրակարգ կատարումներով։ «Պարի աստղերը» արժանացավ առաջին պատվավոր մրցանակի և երկու հատուկ պարգևի՝ «Լավագույն բեմական հագուստ» և «Լավագույն սինխրոն պարային խումբ» անվանակարգերում։
Արդեն ավանդույթ է դարձել, որ «Պարի աստղեր» շոու ստուդիան ամեն տարվա հունիսին հաշվետու է լինում հանդիսականին։ Այս անգամվա համերգը հունիսի 11-ին էր։ Նվիրված էր ստուդիայի հիմնադրման 33-րդ տարեդարձին և անցկացվեց Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում։
Ստուդիայի տարբեր տարիքի սաները հանդես եկան ժողովրդական, ազգագրական, ժամանակակից տարբեր ոճի պարերով՝ ցուցադրելով պարային լեզվին տիրապետելու հմտություններ։ Հանդիսականի արձագանքն էլ ջերմ ու անմիջական էր։
Համերգի ավարտին «Պարի աստղեր» ստուդիայի մի խումբ սաներ պարգևատրվեցին պատվոգրերով։
Վահրամ Օրբելյան