Ներկայացնում ենք Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Chatham House) Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրերի ավագ գիտաշխատող Գալիպ Դալայի As Iran war reshapes the Middle East, Turkey’s regional role looks set to expand հոդվածի հայերեն թարգմանությունը:
Գալիպ Դալայ
Իրանական պատերազմը հիմնարար կերպով վերաձեւավորում է Մերձավոր Արեւելքի քաղաքականությունը եւ խաթարում տարածաշրջանային ստատուս քվոն։ Այն նաեւ վերաիմաստավորում է Թուրքիայի դերը տարածաշրջանում` ստեղծելով թե՛ մարտահրավերներ, թե՛ հնարավորություններ Անկարայի համար։
Թուրքիայի համար ամենավատ սցենարը եղել եւ մնում է այն, որ Իսրայելը փորձի նպաստել Իրանում պետական համակարգի փլուզմանը, որի հետեւանքները երկար տարիներ կազդեն թե՛ Իրանի, թե՛ նրա հարեւանների վրա։ Դա ճանապարհ կհարթի միջնորդավորված հակամարտությունների, փախստականների ճգնաժամի եւ պետական մասնատման համար, եւ պատերազմի քրդական բաղադրիչն առավել ակնառու կդարձնի։ Նման զարգացումը նաեւ ավելի կխրախուսի Իսրայելին՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, շարունակելու տարածաշրջանը սեփական պայմաններով վերաձեւավորելու իր ջանքերը։ Սակայն մինչ այժմ Իրանի դիմակայունությունը թույլ չի տվել, որ Թուրքիայի ամենամեծ մտավախություններն իրականություն դառնան։
Այս փուլում Թուրքիան ունի երկու փոխկապակցված մտահոգություն։ Նախ՝ ցանկանում է կանխել պատերազմի վերսկսումը, սակայն միաժամանակ անհանգստացած է նրանով, ինչ դիտարկում է որպես Իրանի փորձ՝ վերաշարադրելու խաղի կանոնները Պարսից ծոցում։ Օրինակ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի համար սահմանված նոր տարանցիկ կանոնները կարող են նրան զգալի ազդեցություն տալ Պարսից ծոցի երկրների անվտանգության և տնտեսությունների նկատմամբ։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել վերադառնալ Հորմուզում նախապատերազմյան իրավիճակին՝ զգուշացնելով, որ նոր կարգավորումը կարող է հակամարտության «նոր աղբյուր» դառնալ։ Բացի այդ, Թուրքիան կարծում է, որ Իրանի այս քայլերը Պարսից ծոցի երկրներին ավելի կմոտեցնեն ԱՄՆ-ին եւ Իսրայելին։
Միեւնույն ժամանակ, պատերազմը Անկարայի համար նաեւ հնարավորություններ է ստեղծում՝ տարածաշրջանային դերի ընդլայնման տեսքով։ Դրանք ներառում են պաշտպանական արդյունաբերության եւ անվտանգության գործընկերությունների զարգացումը, տարածաշրջանային կապուղիների եւ առեւտրային երթուղիների վերաձեւավորումը, ինչպես նաեւ նոր տարածաշրջանային դաշինքների ձեւավորումը։
Պաշտպանական արդյունաբերություն
Այս պատերազմը անվտանգության հարցը դարձրել է Պարսից ծոցի եւ ավելի լայն տարածաշրջանի քաղաքական քննարկումների ու ռազմավարական հաշվարկների կենտրոնական թեման։ Թեեւ ներկայում ԱՄՆ-ի անվտանգության հովանու իրական այլընտրանք գոյություն չունի, այն չի ապահովել այն անվտանգության մակարդակը, որը ակնկալում էին Պարսից ծոցի երկրները։ Մերձավոր Արեւելքի բազմաթիվ պետությունների, հատկապես Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (GCC) անդամների համար, ԱՄՆ-ը միաժամանակ եւ՛ անփոխարինելի գործընկեր է, եւ՛ ոչ միշտ վստահելի ու երբեմն ճնշում գործադրող դերակատար։ Այնուամենայնիվ, չնայած իրենց երկակի վերաբերմունքին եւ դժգոհությանը, Պարսից ծոցի երկրները, ամենայն հավանականությամբ, այլընտրանք չեն ունենա, քան ավելի խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Այս միտումը միայն կամրապնդվի Իրանի գործողությունների և Պարսից ծոցում խաղի կանոնները վերաձևավորելու նրա փորձերի հետևանքով:
Միեւնույն ժամանակ, Պարսից ծոցի երկրները աստիճանաբար կփորձեն դիվերսիֆիկացնել իրենց անվտանգության գործընկերությունները եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը՝ ԱՄՆ-ից չափազանց մեծ կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Սակայն նրանք զգուշավոր կլինեն Վաշինգտոնի հակառակորդների հետ նման համագործակցություններ զարգացնելու հարցում՝ խուսափելու ԱՄՆ-ի հնարավոր դժգոհությունից։ ԱՄՆ-ի եւ նախագահ Թրամփի հետ լավ հարաբերություններ ունեցող Թուրքիայի համար, սա լավ զարգացում է ավելի ընդլայնելու անվտանգության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը Պարսից ծոցի երկրների հետ։
Նման համագործակցությունը, ամենայն հավանականությամբ, չի սահմանափակվի միայն թուրքական զենքի կամ անօդաչու թռչող համակարգերի գնմամբ։ Այն կարող է ներառել նաեւ համատեղ արտադրության համաձայնագրեր, համատեղ ներդրումներ, ինչպես նաեւ տեխնոլոգիաների եւ մասնագիտական գիտելիքների փոխանցում։
Առեւտրային ուղիներ եւ տարածաշրջանային կապակցվածություն
Հորմուզի շուրջ ճգնաժամը առեւտրային միջանցքների վերաուղղորդման եւ տրանսպորտային կապերի վերաձեւավորման հարցերը դուրդ է բերել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգերի առաջնագիծ։ Թուրքիան լավ դիրքավորված է նման փոփոխություններից օգուտ քաղելու համար։ Վերջին տարիներին Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս աճել է կապակցվածության նախագծերի թիվը, որոնք նպատակ ունեն վերաձեւավորել առեւտրային ուղիներն ու մատակարարման շղթաները ինչպիսիք են Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (BRI) նախաձեռնությունը, Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա տնտեսական միջանցքը (IMEC), որի հեռանկարները մթագնել են Գազայի եւ Իրանի պատերազմներից հետո, ինչպես նաեւ ներկայումս դադարեցված Արեւելյան Միջերկրածովյան գազատարի նախագիծը։
Թուրքիան արդեն առանցքային դեր է խաղում նման երկու նախաձեռնություններում՝ Իրաքի «Զարգացման ճանապարհ» (Development Road) նախագծում եւ Միջին միջանցքում (Middle Corridor)։ Այս ռազմավարական կապակցվածության նախագծերը ոչ միայն վերաձեւավորում են մատակարարման շղթաներն ու փոխում առեւտրային հոսքերի ուղղությունները, այլեւ վերաիմաստավորում են համապատասխան տարածաշրջանների աշխարհաքաղաքական պատկերը։
Թուրքիան եւ նրա գործընկերները պետք է դիտարկեն Անկարայի կողմից աջակցվող կապակցվածության նախագծերի հեռանկարներն ավելի ամրապնդելու ուղիները։ Օրինակ՝ Սիրիայի ներգրավումը Իրաքի «Զարգացման ճանապարհ» նախագծում կապահովի դեպի Միջերկրական ծով տանող ավելի կարճ երթուղի, իսկ Հայաստանի միացումը Միջին միջանցքին կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող կարգավորման եւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Իրանի պատերազմից հետո ձեւավորվող նոր տարածաշրջանային միջավայրում Թուրքիան եւ տարածաշրջանի մյուս պետությունները, հավանաբար, ավելի ակտիվ երկխոսություն կծավալեն առեւտրային միջանցքների եւ տրանսպորտային կապերի զարգացման շուրջ։ Օրինակ՝ Հիջազի երկաթուղու նախագիծը՝ որպես Պարսից ծոցը Եվրոպային կապող հնարավոր ցամաքային միջանցք, որը կմիավորի Թուրքիան, Սիրիան, Հորդանանը եւ Սաուդյան Արաբիան, արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացնում։
Նոր տարածաշրջանային դասավորություններ
Իրանի պատերազմը նաեւ ձեւավորում է նոր տարածաշրջանային խմբավորումներ եւ համագործակցության ձեւաչափեր։ Դրա օրինակներից է Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի կազմած քառակողմ ձեւաչափը, թեեւ այն ավելի շատ հարթակ է, քան պաշտոնական դաշինք, Անկարան ցանկանում է, որ այս ձեւաչափը բաց մնա նաեւ այլ երկրների մասնակցության համար՝ կանխելու հակադիր դաշինքների ձեւավորումը, որոնք կարող են խորացնել տարածաշրջանային մրցակցությունը եւ հետագա մասնատումը։ Թեեւ այս խմբի առանձին անդամներ, մասնավորապես Պակիստանն ու Թուրքիան, ակտիվ դեր են ստանձնել պատերազմը դիվանագիտական ավարտին ուղղված փորձերում, քառակողմ ձեւաչափն ինքնին հիմնականում նախատեսված է հետպատերազմյան տարածաշրջանային աշխարհաքաղաքական եւ անվտանգության հարցերի քննարկման համար։
Թուրքիայի եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (GCC) անդամ պետությունների միջեւ բարելավվող հարաբերությունները, հավանաբար, դրական ազդեցություն կունենան նաեւ այլ ոլորտների վրա, այդ թվում՝ GCC-Թուրքիա ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների։ Պատերազմը կարող է լրացուցիչ խթան հաղորդել այդ գործընթացին, ինչը կարող է առաջիկա ամիսներին հանգեցնել բանակցությունների հաջող ավարտին: Նմանապես, Անկարան, վերջին շրջանում փոփոխություններ կատարելով իր հարկային օրենսդրության եւ կարգավորումների մեջ, հույս ունի ներգրավել այն կապիտալի մի մասը, որը դուրս է գալիս Պարսից ծոցի երկրներից։
Անկախ նրանից՝ առաջիկա շաբաթներին խաղաղության համաձայնագիր կկնքվի, թե ոչ, պատերազմն արդեն փոխում է Մերձավոր Արեւելքի քաղաքական եւ ռազմավարական իրականությունը։ Թեեւ դեռ վաղ է հստակ ասել, թե այս փոփոխությունների արդյունքում ովքեր կլինեն հաղթողները եւ պարտվողները, Թուրքիայի տարածաշրջանային դերը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ընդլայնվել։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: