Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Միջազգային աստղագիտական միության CAP կոնֆերանսը

Երևանը մայիսի 25-29-ը հյուրընկալելու է Միջազգային աստղագիտական միության՝ «Աստղագիտության հաղորդակցությունը հանրության հետ» խորագրով կոնֆերանսը (CAP 2026), որն առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համաժողովին ակնկալվում է տարբեր երկրներ ներկայացնող շուրջ 200 պատվիրակների մասնակցություն:

«Մասնակցելու են աստղագետներ, ուսուցիչներ, աստղագիտության ոլորտում հաղորդակցության կազմակերպման մասնագետներ, լրագրողներ և այլ մասնագիտացում ունեցող մարդիկ: Ընդհանուր առմամբ, շուրջ 200 մասնակից ենք ունենալու: Սա հատուկ միջոցառում է, որն անցկացվում է երկու տարին մեկ: Նախատեսված է նաև առցանց մասնակցություն: Սա լինելու է աստղագիտության մասսայականացման մեթոդների քննարկման հարթակ: Նպատակն է՝ նպաստել աստղագետների, հասարակայնության հետ կապերի մասնագետների և լրագրողների միջև փորձի փոխանակմանը»,- տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Համաժողովի կազմակերպիչներն են Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը:

Գիտական ​​կազմակերպչական կոմիտեի (ԳԿԿ) անդամներն են Սամիր Դհուրդեն (Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջհամալսարանական կենտրոն, ԳԿԿ նախագահ), Ավիվա Յամանին (ԳԿԿ համանախագահ), Նաոմի Ասաբրե Ֆրիմպոնգը (ՄԱՄ աստղագիտության տարածման գրասենյակ, ԳԿԿ համանախագահ), Արեգ Միքայելյանը (Բյուրականի աստղադիտարանի տնօրեն) և տարբեր աշխարհամասերի երկրներ ներկայացնող այլ գիտնականներ:

Կազմակերպիչներն ու հովանավորներն են ՄԱՄ C2 հանձնաժողովը, ՄԱՄ աստղագիտության տարածման գրասենյակը, Բյուրականի աստղադիտարանը, ՄԱՄ աստղագիտության զարգացման Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը, Հայկական աստղագիտական ​​ընկերությունը (ArAS) և Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ArVO):

Այս տարի նախատեսված են նաև միջազգային այլ համաժողովներ և միջոցառումներ: Մասնավորապես, սեպտեմբերի 14-18-ը տեղի է ունենալու Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Մեր անկայուն Տիեզերք»-ը խորագրով:

Նախատեսվում է նաև գործարկել Բյուրականի աստղադիտարանի աստղացուցարանը և ազդարարել Հայ աստղագիտության պատմության թանգարանի բացումը:

 

Leave a comment