Հարկադիր կատարողն իրեն դրել է Կաթողիկոսի տեղը և լիազորել է Արման Սարոյանին, որպեսզի բանկում գործարքներ կատարի. Զոհրաբյան

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն այսօր  որոշում կայացրեց հետաձգել Արման Սարոյանը՝ (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ընդդեմ Մայր Աթոռի գործով դատական նիստը։

 Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին` 11:00-ին։

Նշենք, որ Արման Սարոյանը միջնորդել էր դատարանին՝ հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, թե ծանուցում չի ստացել։

Դատական նիստից հետո  փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Արման Սարոյանը դատարանին միջնորդել էր հետաձգել նիստը՝ իբրև թե չի ստացել միջնորդությունը և ծանոթ չէ, 30 րոպե ընդմիջում վերցրեցինք և դատարանին ներկայացրեցինք փոտսային անդորրագիրը, ինչպես նաև Հայփոստի պաշտոնական կայքից այդ անդորրագրի նույնականացման համարով տեղեկատվությունը, որից երևում է, որ փետրվարի 4-ին նա այդ փաթեթը ստացել է։

Նա նշեց, որ Արման Սարոյանի գործողություններով խոչընդոտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը. «Կոնկրետ մեծ դժվարություններ են առաջացել Մասյացոտնի թեմում, դժվարություններ կան բանկային համակարգում։ Հարկադիր կատարողը բացահայտ օրենքի խախտումներ է թույլ տալիս, իրեն վերագրել է լիազորություններ, որը չունի։ Հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը և լիազորել է Արման Սարոյանին, որպեսզի բանկում գործարքներ կատարի։ Նման ապօրինության հետ ինքս չեմ բախվել»։

 Նրա խոսքով՝ գալու է ժամանակը, որ այս պաշտոնատար անձինք կանգնելու են օրենքի և դատարանի առջև։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Leave a comment