Հունիսի 11-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

Փոխհատուցում կստանան մի շարք ապրանքատեսակներ արտահանող տնտեսվարողները

Հայաստանից ծիրան, սալոր, կեռաս, հանքային ջուր, գինի և բրենդի արտահանող ընկերությունները հունիս ամսվա ընթացքում իրականացրած աշխատանքների համար կստանան ուղղակի ֆինանսական փոխհատուցում։ Հունիսի 1–ից արտահանված շուրջ 257 հազար կգ կեռասի և 64,900 կգ ծիրանի մասով արտահանողներն արդեն իսկ կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարություն։

Ռուսաստանը հայկական ձկնամթերքը փոխարինում է թուրքական և իրանական արտադրանքով

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտնել է, որ ռուսական կողմն էապես ավելացրել է ձկան ներմուծումն այլ երկրներից՝ Հայաստանից մատակարարումների նվազումն ու սահմանափակումները լրացնելու համար։ Մասնավորապես, իշխան ձկան ներկրման հարցում Ռուսաստանը վերակողմնորոշվել է դեպի Իրան և Թուրքիա։

Բացահայտվել է 48 հազար կգ մսամթերքի անօրինական ներմուծման դեպք

Տեղական ընկերություններից մեկը, լիցենզիայում չներառված 48 հազար կգ մսամթերք ներմուծելուց հետո, մաքսային միջնորդական ընկերության օժանդակությամբ հարկային մարմին է ներկայացրել կեղծ տվյալներով հայտարարագրեր։ Արդյունքում 80% մաքսատուրքի փոխարեն վճարվել է 25%՝ պետությանը պատճառելով մոտ 13.9 մլն դրամի վնաս։ ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Անապահով ընտանիքների թիվը 2017 թվականի համեմատ նվազել է 2.2 անգամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ անապահովության գնահատման համակարգի (նախկին «Փարոսի») արմատական բարեփոխումների արդյունքում նպաստառու ընտանիքների թիվը կրճատվել է ավելի քան կիսով չափ։ 2017 թվականի 100 հազար ընտանիքի փոխարեն՝ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ համակարգում ընդգրկված է 46 հազար ընտանիք։

Հայաստանում ծայրահեղ աղքատության շեմ է սահմանվել 29,196 դրամը

Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ աղքատության գնահատման նոր մեթոդաբանության ներդրմամբ ծայրահեղ աղքատության շեմ է սահմանվել 29,196 դրամը։ Այս ցուցանիշն արտացոլում է տնային տնտեսությունների փաստացի բացարձակ նվազագույն պարենային սպառումը։ Այս գծից ներքև է գտնվում ՀՀ բնակչության 0.6%-ը։

Միջազգային լուրեր

ԱՄՆ պետբյուջեի մայիսյան դեֆիցիտը նվազել է 7.3%-ով

2026 թվականի մայիսին ԱՄՆ պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 292,648 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազելով 7.3%-ով։ Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին ութ ամիսներին բացասական մնացորդը կրճատվել է 8.7%-ով (կազմելով 1.246 տրլն դոլար), սակայն մտահոգիչ են մնում պետական պարտքի սպասարկման ծախսերը։

Հնդկաստանում մաքսատուրքերի բարձրացումը խթանել է ոսկու մաքսանենգությունը

Մայիսին Նյու Դելին ավելի քան կրկնապատկել է ոսկու ներմուծման մաքսատուրքը՝ հասցնելով այն 15%-ի։ Շուկայի մասնակիցների գնահատմամբ՝ «սև շուկայում» աճող շահութաբերության պատճառով այս տարի անօրինական ճանապարհով երկիր ներկրվող ոսկու ծավալը կարող է գերազանցել 100 տոննան։

Վրաստանում տարեկան գնաճը մայիսին կազմել է 5.7%

Վրաստանի ազգային բանկի փոխանցմամբ՝ տարեկան գնաճի այս մակարդակը համապատասխանում է իրենց կանխատեսումներին։ Գլխավոր դրամատունը միաժամանակ շեշտում է, որ գների հետագա դինամիկան և արտաքին տնտեսական ազդեցությունները մեծապես կախված կլինեն Մերձավոր Արևելքի հակամարտության տևողությունից ու ընթացքից։

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի և Իրանի ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցների ցուցակում ներառել է 12 ընկերությունների Բելառուսից, Հոնկոնգից, Չինաստանից և Իրանից։ Սահմանափակումների պատճառը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին Չինաստանից շարժական զենիթահրթիռային համալիրների ենթադրյալ մատակարարումներն են, որոնց գործընթացում բելառուսական կողմը հանդես է եկել որպես միջնորդ։

Leave a comment