Վեց ամսով արգելվել է Հայաստանից ցորենի արտահանումը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում ընդունել է երկու կարևոր որոշում, որոնցով 6 ամիս ժամկետով ժամանակավոր արգելք է սահմանվում ցորենի, ինչպես նաև ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ։ Որոշումներն ուղղված են երկրի պարենային անվտանգության ապահովմանը և էկոլոգիական ռիսկերի զսպմանը:

Ցորենի արտահանման արգելքը՝ հանուն պարենային անվտանգության

Գործադիրի առաջին որոշմամբ կես տարով արգելվում է ցորենի արտահանումը Հայաստանից: Ըստ կառավարության ներկայացրած հիմնավորման՝ այս քայլն անհրաժեշտ է ներքին շուկայի կայունությունն ապահովելու համար.

«Նշված ապրանքատեսակի մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին»,- նշված է փաստաթղթում:

Կարևոր բացառություն. Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու այն ապրանքների վրա, որոնք նախապես ներմուծվել են Հայաստան և ձևակերպվել «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով։

Պայքար կատալիզատորների ապօրինի շրջանառության դեմ

Մեկ այլ որոշմամբ՝ Կառավարությունը նույնպես 6 ամսով արգելել է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը երկրից։

Այս որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ։ Վերջին տարիներին մեծ թափ է ստացել մեքենաների վրայից կատալիզատորների հեռացումն ու թափոնների արտահանումը, ինչի հետևանքով առանց չեզոքացման համակարգի շահագործվող տրանսպորտային միջոցներից վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտ։

Պետությունն այս արգելքով նպատակ ունի կտրուկ նվազեցնել օդի աղտոտվածությունը, ինչպես նաև կանխել ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների գողությունների և ապօրինի շրջանառության շղթան։

Leave a comment