«Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը, հայտնում է ծառայությունը։
Նշվում է, որ սա վերաբերում է ինչպես հանրապետությունում արտադրվող, այնպես էլ այնտեղից առաքվող ապրանքներին: Ռուսաստանի տարածքով ԵՏՄ անդամ երկրներ տարանցումը նույնպես սահմանափակված է: Արգելքն ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովելու հատուկ ալգորիթմի մշակումը։
«Որոշումը կայացվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով։ Այս տարվա մայիսից սկսած՝ ծառայությունն աստիճանաբար սահմանափակել է հայկական կարանտինային որոշակի տեսակի ապրանքների ներմուծումը և բազմիցս տեղեկատվություն է ուղարկել հայկական կողմին մատակարարման խափանումների մասին։ Սակայն կարանտինային օբյեկտների հայտնաբերումները շարունակվում են։ Հունիսին կապրա բզեզով վարակի երեք դեպք է հայտնաբերվել Հայաստանից ներմուծված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ծառայությունը նշում է, թե սա, իբր, վկայում է Հայաստանի լիազոր մարմնի կողմից անբավարար վերահսկողության մասին և խթանում է անվստահությունը բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ:
«Բույսերի կարանտինի և պաշտպանության Հայաստանի ծառայության ոչ արդյունավետ գործունեությունը սպառնում է Ռուսաստանի և ԵՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությանը», – ասվում է հայտարարությունում։
Կապրա բզեզը բազմաթույն պահեստային վնասատու է, որը բացակայում է Ռուսաստանում: Այն վնասում է հացահատիկային մշակաբույսերը, յուղատու մշակաբույսերը, լոբազգիները, արդյունաբերական մշակաբույսերը և դրանց ենթամթերքները, ինչպես նաև անտառային, դեկորատիվ և այլ մշակաբույսերը: Այն կարող է վարակել հացահատիկի պահեստավորման օբյեկտները, տրանսպորտային միջոցները, հումքի և ալյուրի պահեստները, ջրաղացները, կերերի գործարանները, հրուշակեղենի գործարանները, ածիկի պահեստավորման օբյեկտները և գարեջրատան մանրացման գործարանները: Այն կարող է ոչնչացնել պահեստավորված արտադրանքի մինչև 70%-ը։
Նշվում է, թե Ռուսաստանին հասցված տնտեսական վնասը կարող է ներառել ոչ միայն բերքի կորուստները, այլև արտահանման շուկաների հնարավոր կորուստն այն երկրներում, որտեղ այս վնասատուն կարանտինային տեսակ չէ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանից ծաղիկների ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել 2026 թվականի մայիսի 22-ից, իսկ մայիսի 30-ից՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի: Հունիսի 2-ից էլ սահմանափակվել է բալի, թթու բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի ներմուծումը: Բացի այդ, հունիսի 3-ից սահմանափակվել է սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի