Ռուսաստան եւ Հայաստան. «realpolitik»-ն ու ինքնության ճգնաժամը

Նախապես նշեմ, որ գործընկերներիս հետ հրապարակային բանավեճերի սիրահար չեմ, հատկապես նրանց հետ, ում հարգանքով եմ վերաբերվում:
Բայց քանի որ «Հայաստանի դեպի Արեւմուտք դրեյֆի» համատեքստում վերջին ընտրությունների թեման շարունակում է քննարկվել, որոշեցի մի քանի նկատառում ներկայացնել «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի եւ ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Նիկոլայ Սիլաեւի հոդվածների վերաբերյալ, որոնք թարգմանել ենք հայերեն:
Տիմոֆեյին ու Նիկոլային ճանաչում եմ անձամբ եւ կարծում եմ, որ երկուսն էլ անկեղծորեն բարին են կամենում Հայաստանին ու նրա ժողովրդին: Այս «դիսքլեյմերը» «դավադրության տեսությունների» սիրահարների համար է:
Սկսեմ նրանից, որ Տիմոֆեյն ու Նիկոլայը հավատարիմ են իրենց սկզբունքներին: Բորդաչեւն արտաքին քաղաքականության մեջ ծայրաստիճան պրագմատիզմի կողմնակից է, իսկ Սիլաեւն ընդունում է, որ մեդալն անպայման երկու կողմ ունի:
Առաջին հայացքից, «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտք չէ» հոդվածում Տիմոֆեյ Բորդաչեւը ներկայացնում է թեզեր, որոնք բխում են նրա նախկին աշխատություններից: 2021 թվականի նոյեմբերին՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից եւ Արցախի կորստից առաջ, նա «Ոչ մայր եւ ոչ էլ խորթ մայր» հոդվածում գրել էր.
«Ռուսաստանի հարեւանները չպետք է ոչ պատրանք ունենան, որ Մոսկվան կվճարի հավատարմության համար, ոչ էլ հույս, որ ընդհանուր աշխարհաքաղաքական տարածքում ուժերի օբյեկտիվ դասավորվածությունը կարելի է անտեսել։ Այս ըմբռնումն ապագայում պետք է դառնա Ռուսաստանը պատմականորեն որպես մետրոպոլիա ընկալելու հաղթահարման ամենահուսալի միջոցը։ Ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողությունը նշանակում է վարքագիծ, որը հիմնված է ոչ թե պատմական փորձի, այլ սեփական դիրքորոշման ռացիոնալ գնահատման վրա: Ռուսաստանն, իր հերթին, արդեն իսկ ցուցադրում է այդ կարողությունը գլոբալ առումով, երբ հոգ է տանում այն մասին, որ իր հակամարտությունն Արեւմուտքի հետ չհատի ռազմական բախման վտանգավոր սահմանը»։ 
Նոր հոդվածում, կարծում եմ, Տիմոֆեյ Բորդաչեւը չափից շատ է բարձրացնում  «ռեալպոլիտիկի» նշաձողը՝ մասնավորապես պնդելով, թե «Ռուսաստանի հարեւաններն ապրում են սեփական պատկերացումների եւ մտահայեցողական կառուցվածքների տիրույթում, սակայն ոչ ոք պարտավոր չէ դրանք ընդունել որպես երկխոսության հիմք»:
Եվ շարունակում է.
«Իսկ քանի որ մեր հարեւանները, անգամ ամենամոտիկները, նշանակություն ունեն միայն Ռուսաստանի սեփական առաջնահերթությունների համատեքստում, ապա նրանց հետ հարաբերություններում քաղաքականությունը կարող է լինել բացառապես ճկուն եւ լիովին օպորտունիստական. այստեղ սկզբունքները տեղին չեն։ Այն դեպքում, եթե համագործակցությունը համապատասխանում է անվտանգության եւ տնտեսության ոլորտում ընթացիկ շահերին, այն պետք է շարունակվի, իսկ եթե կորուստները գերազանցում են օգուտները, ապա կներեք՝ Ռուսաստանը որոշումներ է կայացնում՝ ելնելով իր սուբյեկտիվ գնահատականներից»։
Չեմ պատկանում այն «մասնագետների» թվին, որոնք բերանից փրփուր թափելով պնդում են, թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձության սկզբունքով, եւ եթե դա տեղի չի ունենում, ապա «մենք ազատ ենք անելու այն, ինչ ուզում ենք»:
2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանը չի կարող մրցակցել ոչ միայն Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի, այլեւ նույնիսկ միջին տերությունների հետ: Եվ հիմարություն է հարաբերություններ կառուցելու փորձեր անել «իրավահավասարության» մասին վնասակար առասպելի վրա: Միեւնույն ժամանակ, վստահ եմ, որ «մերձավոր եւ բարեկամական» երկրների հետ հարաբերություններում հարգանքի նվազագույն մակարդակը պետք է պահպանել։ Թեկուզ այն պատճառով, «սուբյեկտիվ գնահատականներից ելնելով ընդունված» որոշումներին հղումները էլ ավելի մեծ ազատություն են տալիս Նիկոլ Փաշինյանին եւ նրա քարոզիչներին:
Բացի այդ, նորագույն պատմության իրադարձությունների ընտրովի ներկայացումը հղի է իրական պատկերի խեղաթյուրմամբ: Տիմոֆեյ Բորդաչեւը գրում է, «որ 2022 թվականի հունվարին Ռուսաստանը կործանումից փրկեց ղազախական պետականությունը»։ 2022 թվականի հունվարին ՀԱՊԿ խորհրդում նախագահում էր Հայաստանը, եւ Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու բոլոր որոշումները (թեկուզ ձեւականորեն) ընդունվել էին Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ: Ինչը չխանգարեց Ղազախստանի արտգործնախարարին կես տարի անց՝ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումից հետո, հայտարարել. «Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքը սահմանազատված չէ, դժվար է խոսել սահմանի որեւէ խախտման մասին»: 
Եվ երբ Նիկոլայ Սիլաեւը «Период охлаждения» հոդվածում գրում է, որ հայկական կողմը մերժել էր Ջերմուկի մոտ ադրբեջանական բանակի հետ մարտերից հետո ՀԱՊԿ ռազմական դիտորդների առաքելության տեղակայումը, հավանաբար, պետք է հաշվի առնել հիշատակված «բեքգրաունդը»:
Տիմոֆեյ Բորդաչեւվը գրում է.
«Ռուսաստանի ռազմավարությունը, իրականում, ընդհանրապես որեւէ ռազմավարություն չունենալն է։ Եվ, ինչպես գիտեն բոլոր նրանք, ովքեր մի փոքր ծանոթ են ազգային արտաքին քաղաքական պատմությանը, պետք է գործել միշտ՝ ելնելով ընթացիկ շահերից։ Որովհետեւ դրանք բոլորը, ի վերջո, հանգում են ռուսաստանյան ազգի գոյատեւման ռազմավարական խնդրին»։
Իհարկե, «ռեալպոլիտիկի» տեսանկյունից նման դիրքորոշումն գոյության իրավունք ունի: Հավանաբար, դրա լավագույն օրինակը ռուս-թուրքական հարաբերությունների տրանսֆորմացիան է այն բանից հետո, երբ կողմերը կարգավորեցին Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցումից եւ Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո առաջացած խնդիրները: Եթե 2016 թվականի փետրվարին Սերգեյ Լավրովն ասում էր, որ «թուրքերը բացարձակապես կորցրել են կողմնորոշումը իրական աշխարհում», իսկ ռուսական պետական հեռուստատեսությունը ցուցադրում էր բենզատարների շարասյուներ՝ պնդելով, թե սիրիական նավթի մաքսանենգության հետևում անձամբ Էրդողանն է կանգնած, նման բաներ վաղուց արդեն չկան: Մեզ՝ հայերիս (ինչպես կարծում եմ՝ նաեւ շատ ռուսների), դա այնքան էլ դուր չի գալիս, բայց, ինչպես պնդում է Տիմոֆեյը, «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտք չէ»:
Խնդիրն այլ է: Ռուսաստանի ղեկավարությունը պնդում է, որ ինչպես «հատուկ ռազմական գործողության», այնպես էլ արտաքին քաղաքական շատ այլ քայլերի հիմքում այն արժեքներն ու սկզբունքներն են, որոնք Մոսկվան պաշտպանում է աշխարհում տիրող անբարոյականությունւց եւ քաղաքական ամենաթողությունից:
Այո՛, Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս այն, ինչ անում է Դոնալդ Թրամփը, որը հունիսի 10-ին հայտարարել էր.
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ընտրություններում վճռական հաղթանակի առիթով։ Ես շատ հպարտ էի նրան վերընտրվելու գործում աջակցելու համար, եւ կասկած չունեմ, որ նրա հետ՝ որպես գեղեցիկ երկիր Հայաստանի առաջնորդի, այն կհասնի մեծության եւ հաջողության նոր մակարդակների, որը կգերազանցի բոլորի ամենահավակնոտ սպասումները»:
Սակայն եթե «Ռուսաստանի ռազմավարությունը ընդհանրապես որեւէ ռազմավարություն չունենալն է», արդյոք արժե՞ նման պայմաններում կշտամբել Հայաստանին այն բանի համար, որ նա համաձայնել է ամերիկացիների առաջարկած TRIPP նախագծին:
Նիկոլայ Սիլաեւը գրում է.
«Հայաստանում անբավարար են համարում այն օգնությունը, որն իրեն ցուցաբերել է Ռուսաստանը Ադրբեջանի հետ հակամարտության պահին։ Նրանք կարող են այս հարցում իրավացի լինել, կարող են սխալվել, սակայն ցանկացած դեպքում պաշտոնական Երեւանի առաջին քայլը եղավ Ռուսաստանին նվաստացնելն ու մի կողմ հրելը եւ միայն դրանից հետո՝ այլ դաշնակիցներ փնտրելը»։
Երկու տարի առաջ, երբ զրուցում էինք Նիկոլայի հետ, նա, մասնավորապես, ասել էր, որ «հայերի արտաքսումը Ղարաբաղից ուժեղ հարված է ռուսական հեղինակությանը»: Սա մնում է ռուսական կողմից հնչած սակավաթիվ ազնիվ գնահատականներից մեկը: Իհարկե, կարելի է երկար բանավիճել այն թեմայով, թե «հա՞վն է շուտ եղել, թե՞ ձուն», եւ Հայաստանին հանդիմանել Պրահայում ԵՔՀ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար՝ առանց այդ մասին Ռուսաստանին նախապես տեղեկացնելու, բայց, միեւնույն է, ամեն մեկը կմնա իր կարծիքին:
Տիմոֆեյն այսպես է ավարտում հոդվածը.  
«Հիմա չենք կարող ասել, թե ինչպես կզարգանան հարաբերությունները Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ընտրություններից հետո։ Այդուհանդերձ, ոչ ոք չպետք է կասկած ունենա. այն որոշումը, որը կկայացնի Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, հիմնված է լինելու բացառապես սեփական ընթացիկ շահերի, այլ ոչ թե «եղբայրական զգացմունքների» կամ «ավանդական պատմական կապերի» վրա»։
Կարծում եմ՝ մեզանից շատերը, ովքեր ծնվել ու դպրոց են գնացել Խորհրդային Միությունում, օբյեկտիվ պատճառներով հակված են չափազանցնել պատմական կապերի դերը: 1991 թվականից հետո Ռուսաստանում միլիոնավոր մարդիկ են ծնվել, որոնք երբեք չեն եղել Հայաստանում, չեն կարդացել Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» եւ չեն դիտել Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմը: Նրանց համար Հայաստանը, Վրաստանը կամ Ադրբեջանը նույնպիսի «արտասահման» են, ինչպես Չեռնոգորիան կամ Հունգարիան: «Ավանդական պատմական կապերը» կարող են գոյություն ունենալ գլխավորապես էլիտաների գլուխներում: Կամ, եթե կասկածի տակ չդնենք Տիմոֆեյի թեզը, կարող են նաեւ գոյություն չունենալ, եւ դրանում ոչ մի ողբերգություն չկա:
Հայ-ռուսական հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ պայմանավորված են նրանով, ինչը քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իրավացիորեն անվանում է «հայկական ինքնության համակարգային տրանսֆորմացիա», եւ ինչին, կարծես թե, պատշաճ նշանակություն չեն տալիս Մոսկվայում որոշումներ կայացնողները:
Հայաստանը հետխորհրդային այն սակավաթիվ երկրներից էր, որտեղ ԽՍՀՄ փլուզումից հետո ինքնության ճգնաժամ չառաջացավ: Ավելին, Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակն ընկալվեց որպես «պատմական արդարության» վերականգնում՝ 1915 թվականի Ցեղասպանությունից եւ Սումգայիթի ու Բաքվի հայկական ջարդերից հետո: 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանում սկսվեց ինքնության դաժան ճգնաժամ, որը չհասկանալու դեպքում մենք անընդհատ մնալու ենք փակ շրջանում եւ միմյանց մեղադրանքներ ենք ներկայացնելու:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է

Leave a comment