Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում:
Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:
Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն», – նշված է ուղերձում:
Ընտրությունների մասին
ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:
Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով: