ԳԱԹ-ում պահվող Կոմիտասի ձեռագրերը կմշակվեն ԱԲ միջոցով

Երեւան: Մեդիամաքս: Գրականության եւ արվեստի թանգարանը (ԳԱԹ) համալրվել է թվայնացման նորագույն, գերժամանակակից տեխնոլոգիայով:

Սարքավորման պաշտոնական գործարկման մեկնարկը տրվել է թանգարանի ամենաարժեքավոր բնագրերից մեկի՝ Կոմիտաս Վարդապետի ձեռագրի հանդիսավոր թվայնացմամբ։ 
Տեխնոլոգիան թանգարանին նվիրաբերել է բարերար Մարկ Չենյանը։
Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում նշել է, որ այս կարեւոր նախաձեռնությունը կնպաստի ազգային մշակութային ժառանգության պահպանությանը, ուսումնասիրմանը եւ հանրայնացմանը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
«Կոմիտասի արխիվի թվայնացում» ծրագրի նախաձեռնող եւ սարքավորման նվիրատու Մարկ Չենյանը ներկայացրել է նախագծի գլխավոր նպատակը՝ արհեստական բանականության բացառիկ գործիքի ստեղծումը, որը հիմնված կլինի Կոմիտաս Վարդապետի ամբողջական գրավոր ժառանգության վրա։
«Արխիվի թվայնացումից հետո Գրականության եւ արվեստի թանգարանի շուրջ կհամախմբվեն ծրագրավորողներ աշխարհի տարբեր երկրներից։ Կոմիտասի` ԳԱԹ-ում պահվող ձեռագրերը հիմք կդառնան մի նախագծի, որի նպատակն է արհեստական բանականության միջոցով վերարտադրել նրա մտածողության տրամաբանությունն ու աշխարհընկալումը», – նշել է Մարկ Չենյանը։

Leave a comment