Հասարակություն
06.02.2026 | 13:39
«Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկվել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին, որում բացի անձնական օգտագործման իրերից ու առարկաներից, հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող, սուր հոտով կոշտ զանգվածների պարունակությամբ թիթեղյա տարա: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
«ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները, ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում, պարզել են, թե՛ «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցը ՀՀ տարածքում ստացող անձի և թե՛ այն անձի ինքնությունը, ում պետք է փոխանցվեր նշված թմրամիջոցը»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Երևանի տարբեր հատվածներից ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Հ․Մ․-ն և Ա․Ի․-ն: Նրանք ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:
Քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ վերջիններս ձերբակալվել են: Վարույթն իրականացնող մարմնի կողմից խուզարկություններ են իրականացվել նաև ձերբակալված անձանց բնակության վայրերում: Արդյունքում, հայտնաբերվել են վարույթն իրականացնող մարմնին հետաքրքրող առարկաներ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- հայտնում են կառույցից։