Ռուսաստանն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա՝ բոլոր հայկական ընկերությունների նկատմամբ, բացառությամբ երկուսի։
«Մենք հասկանում էինք, որ մեզ պետք է սահմանափակումներ մտցնել։ Դրա համար, որպես հակակշիռ, բացում էինք մատակարարումները այլ երկրներից։ Օրինակ՝ իշխանի մատակարարումների հարցում մենք վերակողմնորոշվել ենք դեպի Իրան և Թուրքիա», — ասել է Դանկվերտը։
«Ընդհանուր առմամբ, որքան շատ մատակարարներ ունենանք, այնքան ավելի հեշտ է մեզ համար աշխատելը։ Ի վերջո, եթե մենք կախված լինենք միայն մեկից, կարող է որոշակի ապրանքի պակաս լինել։ Հիմա դա այդպես չէ. մենք մեծ ընտրություն ունենք», — ավելացրել է նա։