«Հրապարակ» թերթը գրում է․
Ռուսաստանի՝ հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառված սանկցիաներից հետո Փաշինյանը հայտարարեց, թե արտահանման այլընտրանքային շուկաներ են փնտրում, տարբեր երկրների հետ բանակցում ու ՌԴ-ից մերժված ապրանքների առաջին խմբաքանակներն արտահանել են։
Հայտնի է, որ մեկ ամսից ավելի է՝ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք գյուղմթերքների եւ այլ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Քարոզարշավի վերջին օրերին Փաշինյանը հայտարարեց, որ հայկական վարդերի եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվել են դեպի նոր, այլընտրանքային շուկաներ եւ նոր ուղղություններ, հատկապես Եվրամիության անդամ կամ ԵՄ ձգտող երկրներ։ Փաշինյանը վստահեցրեց, որ տեղական արտադրանքի իրացման ճգնաժամ չի լինի, եւ ոչ մի ապրանք չվաճառված չի մնա։ Ասաց, որ երկրների անունները՝ ավելի ստույգ, կհրապարակվեն ապրանքի տեղ հասնելուց հետո։ Սակայն իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ արտահանված ապրանքները փոքրիկ, եթե չասենք՝ սիմվոլիկ քանակի են, չեն կարող որպես այլընտրանքային շուկա փոխարինել ԵԱՏՄ-ին:
Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ այլեւս այդ մասին չեն խոսում եւ անգամ արտահանված ապրանքների ցանկ ու քանակ չեն հրապարակում: Իշխանական շրջանակներում անհանգիստ են, որ առաջիկայում գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ են կանգնելու, եւ հասկացել են, որ պոռոտախոսությունը, թե ռուսական սանկցիաներն ավարտվելու են հունիսի 8-ին, շատ հեռու է իրականությունից:
«Փաստ» օրաթերթը գրել է․
Նախնական արդյունքներից հետո ակտիվորեն քննարկվում է՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. մամուլի հրապարակումներով «Հայաստան» և «Ուժեղ Հայաստանը» դաշինքները դիտարկում են նաև հրաժարման տարբերակը։ Թերթը նշում է, որ մանդատ չվերցնելը չի վնասում Փաշինյանին, որն ունի ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը։
Ըստ հրապարակման, մանդատ վերցնելով՝ ընդդիմությունը կարող է զրկել Փաշինյանին սահմանադրական մեծամասնությունից և սահմանափակել առանցքային նշանակումները, ինչպես նաև կանխել էնկլավների, այդ թվում՝ Տիգրանաշենի հանձնման, նոր Սահմանադրության ընդունման ու Անկախության հռչակագրի չեղարկման նախաձեռնությունները։
Նշվում է, որ ընթանում է վերահաշվարկ, հայտարարված է ՍԴ դիմելու մասին, վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Գերակշռում է տեսակետը, որ ընդդիմությունը պետք է գնա խորհրդարան՝ ինչպես 2017-ին «Ելք»-ը և Նիկոլ Փաշինյանը, որոնք մանդատներով սկսեցին ինստիտուցիոնալ պայքար։
«Հրապարակ» թերթը գրում է․
Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում պետական գերատեսչություններում։ ՔՊ-ի հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքին մոբիլիզացրել էին վարչական ռեսուրսը, հրահանգ իջեցրել պետական աշխատողներին, որ բոլորն առանց բացառության մասնակցեն Հանրապետության հրապարակի հանրահավաքին:
Ընդ որում՝ զգուշացրել էին, որ շուտ չծլկեն, մնան մինչեւ վերջ, քանի որ վերակացուներ են նշանակված, որոնք ստուգելու են ներկա-բացակա են անելու։Մեզ ասացին, որ վերակացուներն արդեն քանի օր է՝ պարզաբանումներ են պահանջում այն աշխատակիցներից, որոնք հանդգնել են հանրահավաքին չգնալ կամ գնացել են եւ շուտ հեռացել: Ասում են՝ յուրայինների եւ ընդդիմադիրների ցանկեր են կազմում, որ հետագայում ինչ-որ քայլեր արվեն: Որտեղ անգրագետ ու իր իրավունքները չիմացող աշխատող լինի, ստիպեն դիմում գրել գնալ, այլ տեղերում պարգեւավճարներ չտալով պատժել եւ այլն։ Բայց եթե մարդիկ մի փոքր դիմադրություն դրսեւորեն, ոչ մի բան չի հաջողվի անել: