Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնում են նաև Թուրքիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա հասել են այն կետին, երբ արդեն սպառնում են նաև Թուրքիային՝ հավելելով, որ Իսրայելի «ագրեսիան» սպառնալիք է ամբողջ աշխարհի համար և պետք է դադարեցվի, գրում է Reuters-ը։

Նշվում է, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Իսրայելի կողմից Իրանի, Գազայի և Լիբանանի վրա հարձակումների ամենակոշտ քննադատներից է, որը հայտարարում է, որ Իսրայելը տարածաշրջանային խաղաղության ամենամեծ խոչընդոտն է։ Անկարան դադարեցրել է Իսրայելի հետ ամբողջ առևտուրը և կոչ է արել միջոցներ ձեռնարկել նրա դեմ միջազգային դատարաններում։

«[Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուի և նրա մարդասպան ցանցի հարձակումները Լիբանանի և Սիրիայի վրա խնդիրը հասցրել են այն կետին, երբ այն սպառնում է նաև Թուրքիային»,- ասել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության պատգամավորներին և հավելել, որ Անկարայի անվտանգությունը կապված է այս երկու երկրների անվտանգության հետ։

Էրդողանը նաև ասել է, որ Իսրայելը գլխավորում է աֆրիկյան երկրները և Միջերկրական ծովը ապակայունացնելու «խորամանկ ջանքերը»՝ էթնիկապես բաժանված Կիպրոս կղզում «անհամաձայնության կրակ» վառելով։

«Այս փոքր կազմավորումները, որոնց հավակնությունները զգալիորեն գերազանցում են իրենց չափերը, նստել են Իսրայելի չարագործ նավակը, ստանձնել սիոնիստական ​​ենթակապալառուների դերը և հետապնդում են որոշ անհույս երազանքներ Արևելյան Միջերկրական ծովում։ Ոչ ոք չպետք է արկածախնդրության հետևից ընկնի։ Ես ուզում եմ, որ բոլորը իմանան․ եթե Արևելյան Միջերկրական ծովում խախտվեն Թուրքիայի և կիպրոսցի թուրքերի իրավունքները, մեր պատասխանը կլինի շատ հստակ և շատ ուժեղ»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նաև համաշխարհային տերություններին կոչ է արել ավելի հստակ դիրքորոշում ընդունել Իսրայելի նկատմամբ՝ ասելով, որ նրան քաջալերում է «միջազգային հանրության լռությունը»։

«Իսրայելին օրենքի գերակայության սահմաններ վերադարձնելը դարձել է ոչ միայն որոշակի երկրների, այլև ամբողջ մարդկության համատեղ պարտականությունը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment