ՌԴ քաղաքացիներն ակցիա կանեն Երեւանում ընդդեմ Կրեմլի
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վալերի Սերգեևիչ Կլիմենչենկոն իր համախոհների հետ միասին մտադիր է հունիսի 16-ին՝ ժամը 15․00-ին, կազմակերպել եւ անցկացնել հանրահավաք «Ռուսները՝ ընդդեմ Հայաստանի նկատմամբ Կրեմլի սպառնալիքների» կարգախոսով։
Միջոցառումը նախատեսվում է անցկացնել ՌԴ դեսպանատան հարակից հասցեում։ Այդ մասին իրազեկում է ներկայացվել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Այն ընդունվել է ի գիտություն։
Հանրահավաքի ընթացքում նախատեսվում է օգտագործել դրոշներ, պաստառներ եւ ձայնային սարքավորումներ։ Սպասվող մասնակիցների առավելագույն թիվը մինչև 100 մարդ է։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է արտահայտել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ինչպես նաեւ ՀՀ-ում բնակության իրավունք կամ ապաստան ստացած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դիրքորոշումը՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ խորհրդարանական ընտրական գործընթացներին միջամտելու փորձերի վերաբերյալ։