2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ Ապարանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը հասել է 87.27 մլն մ³-ի, ինչը վերջին տասը տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, հայտարարել է Ջրային կոմիտեն։
Հաղորդագրությունում նշված է.
«Ջրամբարի այս տարվա բարձր լցվածությունը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, ինչը նպաստել է ջրային պաշարների էական համալրմանը։
Ապարանի ջրամբարի տարեկան առավելագույն լցվածության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականին, երբ կուտակված ջրի ծավալը հասել էր 61.93 մլն մ³-ի, բայց այս տարվա ցուցանիշը դրանից ավելի է շուրջ 25.3 մլն մ³-ով։
2016-2026 թվականների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ջրամբարի լցվածության մակարդակը զգալի տատանումներ է ունեցել։ Ամենացածր առավելագույն ծավալը գրանցվել է 2023 թվականին՝ 26.81 մլն մ³, մինչդեռ 2024 թվականին այն վերականգնվել է՝ հասնելով 52.86 մլն մ³-ի։ 2025 թվականին ջրամբարի առավելագույն լցվածությունը կազմել է 45.98 մլն մ³, իսկ մեկ տարի անց արձանագրվել է կտրուկ աճ՝ հասնելով 87.27 մլն մ³-ի։
2026 թվականի ցուցանիշը կարող է դրական ազդեցություն ունենալ առաջիկա ոռոգման սեզոնի ջրամատակարարման ապահովման տեսանկյունից։
Վերջին 10 տարվա առավելագույն լցվածության ծավալները (մլն մ³ով)
• 2016 թ.՝ 51.63
• 2017 թ.՝ 44.93
• 2018 թ.՝ 32.52
• 2019 թ.՝ 61.93
• 2020 թ.՝ 45.59
• 2021 թ.՝ 44.98
• 2022 թ.՝ 49.81
• 2023 թ.՝ 26.81
• 2024 թ.՝ 52.86
• 2025 թ.՝ 45.98
• 2026 թ.՝ 87.27 (հունիսի 8-ի դրությամբ)»։