Հայկական ծիրանը պետք է դառնա ոչ թե հումք, այլ գլոբալ բրենդ. Ջրբաշյանը նշել է 3 քայլ

Հայաստանը պետք է վերանայի ծիրանի արտահանման մոտեցումը և այն զանգվածային հումքային ապրանքից վերածի պաշտպանված ինքնությամբ ու բարձր հավելյալ արժեքով արտադրանքի


ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․Հայաստանը պետք է վերանայի ծիրանի արտահանման մոտեցումը և այն զանգվածային հումքային ապրանքից վերածի պաշտպանված ինքնությամբ ու բարձր հավելյալ արժեքով արտադրանքի։ Նման կարծիք է հայտնել «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։


Նրա խոսքով՝ հայկական ծիրանն ունի գիտությամբ ամրագրված եզակի առավելություն. ծիրանի լատիներեն անվանումը՝ Prunus armeniaca, նշանակում է «հայկական սալոր»։


« Երբ Լիննեյը 18-րդ դարում դասակարգեց բուսական աշխարհը, հենց Հայաստանն է նշել որպես այս մրգի ծագման վայր։ Սա ոչ թե լեգենդ է, ոչ թե ազգային հպարտության հնարք — սա գիտական փաստ է որ ամրագրված է բնագիտության մեջ երեք հարյուր տարի է», – իր սոցցանցերում գրել է Ջրբաշյանը։


Ինչպես նշում է Ջրբաշյանը, տասնամյակներ շարունակ մենք այս միրգը վաճառել ենք կիլոգրամով, ռուսական շուկայում, 40-70 ցենտով, առանց անվան, առանց պատմության, առանց ինքնության։ Ինչպես ցանկացած ապրանք։


Ջրբաշյանը կարծիք է հայտնել, որ ռուսական շուկայի փակվելը կամ սահմանափակվելը չպետք է ընկալվի որպես լոկ նոր մեծածախ գնորդ փնտրելու առիթ։ Սա, նրա համոզմամբ, ոչ թե փոխարինման, այլ մոդելի տրանսֆորմացիայի պահ է։


Նրա գնահատմամբ՝ Ռուսական մոդելը տալիս էր ճյուղին տարեկան 10-18 միլիոն դոլար։ Հասուն գլոբալ մոդելը — Եվրոպա, ԱՄՆ, Պարսից ծոց — կտա 150-200 միլիոն դոլար։ Ավելի փոքր ֆիզիկական ծավալով, ավելի բարձր վերահսկողությամբ, առանց աշխարհաքաղաքական կախվածության։


Երեք անհրաժեշտ քայլերը


Առաջինը, ինչ առաջարկում է Ջրբաշյանը, թարմ, չփաթեթավորված և չբրենդավորված հայկական ծիրանի մեծածախ արտահանումից ամբողջությամբ հրաժարվելն է։


«Բերքի ընտիր 10%-ը գնում է թարմ արտադրանքի պրեմիում խողովակներ, վաճառվում է հատով։ Մնացած ամեն ինչ վերածվում է չրերի, մուրաբայի, էքստրակտների և էսենցիաների՝ բոլորը մեկ ինքնության, մեկ աշխարհագրական նշման, ծագման մեկ պատմության ներքո», – գրում է նա։


Երկրորդ քայլը ԵՄ-ում աշխարհագրական նշման պաշտպանության հայտ անհապաղ ներկայացնելն է։


«Անմիջապես սկսել GI գործընթաց Եվրոպայում — Prunus armeniaca-ն մեր իրավական փաստարկն է որ ոչ ոք չի կարող վիճարկել», – պնդում է նա։


Երրորդ քայլը հայկական սփյուռքը որպես առաջին շուկա և առաջին ներդրող ներգրավելն է։


«Ակտիվացնել սփյուռքը — Լոս Անջելեսը, Փարիզը, Դուբայը — որպես առաջին շուկա և ներդրող։ Սա սենտիմենտալություն չէ։ Սա ռացիոնալ տնտեսական վարքագիծ է՝ ներկառուցված դիստրիբյուցիոն ցանցով», – ընդգծում է Ջրբաշյանը։


Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի առջև ծառացած հարցը ոչ թե Ռուսաստանին փոխարինելն է.


« Հարցն այն է,թե երբ ենք մենք սկսելու կառուցել դրա վրա», -եզրափակում է նա։


Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակում է մտցրել Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման նկատմամբ։


 


 

Leave a comment