Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության ոլորտում 2025 թ. իրականացված ծրագրերի ու բյուջետային հատկացումների մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին շարունակվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ 2025 թվականին առողջապահության ոլորտին հատկացվել է 171.2 մլրդ դրամ, ընդհանուր կատարողականը կազմել է 96,2 տոկոս, 11,7 մլրդ դրամ նախատեսվել է կապիտալ ծախսերի համար, որից օգտագործվել է 6,4 մլրդ դրամ:
Հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 12 բյուջետային ծրագիր և 45 միջոցառում, դրանցից 4-ը կապիտալ ծախսեր են եղել:
Համեմատականներ անցկացնելով՝ նախարարը նշել է, որ կառավարման հինգ տարիների ընթացքում առողջապահության ոլորտի 2025 թվականի բյուջեն 2018 թվականի համեմատ կրկնապատկվել է, իսկ ընթացիկ՝ 2026 թվականի բյուջեն ավելի է կրկնապատիկից: «Մեր քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան, որը մեզ համար բավականին մեծ ձեռքբերում է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը՝ ընդգծելով, որ այդ դժվարին և երկար սպասված բարեփոխումը կարելի է հաջողության պատմություն համարել: «Վերջին վեց ամիսների ընթացքում ականատես ենք մեր քաղաքացիների գոհունակությանը, շնորհակալությանը: Մեր քաղաքականությունը շարունակվելու է, և, ի հեճուկս ընդդիմության ու նախընտրական քարոզի շրջանակում բազմիցս հնչած կեղծ թեզերի շրջանառությանը, Առողջության համընդհանուր ապահովագրությունը 2027 թվականի հունվար 1-ից էլ ավելի կընդլայնվի ներառվող շրջանակների մասով և 2028 թվականին կամփոփի մեր ամբողջ բնակչությունը»,- ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ քաղաքացիների՝ բուժօգնություն ստանալու դիմելիության աճին համարժեք Կառավարությունն ավելացրել է ֆինանսավորումը: «Եթե անձը մեր շահառուն է և դիմել է, ապա նա այդ տարվա ընթացքում ստանում է համապատասխան բուժօգնությունը»,- ընդգծել է նախարարը:
Ոլորտի պատասխանատուն հաջորդիվ ներկայացրել է իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները: Անդրադարձ է կատարվել նաև անելիքներին: Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: