1,5-5 մլն դրամ՝ ծառայությունը շարունակելու համար և զինծառայողների ատեստավորման նոր կարգ. նախագիծ

Առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար՝ շարունակելու պայմանագրային ծառայությունը, նշել է նախարարը


ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է վերանայել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։


Ինչպես նշել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախագծի համաձայն՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված կհամարվեն ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի: 


Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված կհամարվեն ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: 


Պապիկյանի խոսքով, 2 դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից: 


Առաջարկվում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքողների համար նախատեսել պատվովճար ստանալու հնարավորություն՝ 2 տարվա դեպքում՝ 1,5 միլիոն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 միլիոն դրամի չափով։ 


«Առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար՝ շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը՝ նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ», – նշեց Պապիկյանը նիստի ժամանակ։ 


Նրա խոսքով՝ առաջարկվող կարգավորման տեսլականը նաև այն է, որ արդեն իսկ 2-րդ պայմանագրից հետո՝ առավելագույնը 30-ամյա տարիքում, ունենալով մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժ, նշված զինծառայողների մեծամասնությունը կրկին կշարունակի զինվորական ծառայությունը։


Leave a comment