Ուկրաինական Fire Point ընկերությունը հայտարարել է նոր զենիթահրթիռային համակարգի առաջին թռիչքային փորձարկումների հաջող անցկացման մասին։
Ինչպես հայտնում է Financial Times-ը, ուկրաինական Fire Point ընկերությունը փորձարկել է FP-7.x զենիթային հրթիռը, որը նախատեսված է բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Այս մասին հայտնել է ընկերության համահիմնադիր և գլխավոր կոնստրուկտոր Դենիս Շտիլերմանը։
Մշակողների խոսքով՝ նոր հրթիռը ստեղծվում է որպես ամերիկյան Patriot PAC-3 համակարգի ավելի մատչելի այլընտրանք։ Եթե Patriot PAC-3 հրթիռի արժեքը կազմում է մոտ 3,8 միլիոն դոլար, ապա FP-7.x-ի մեկ խոցիչի արժեքը գնահատվում է շուրջ 700 հազար դոլար։
FP-7.x հրթիռը նախատեսված է հեռանկարային Freyja հակաօդային պաշտպանության համակարգի համար, որը Ուկրաինան մշակում է եվրոպացի գործընկերների հետ համատեղ։ Համակարգում նախատեսվում է օգտագործել եվրոպական արտադրության ռադարներ և կառավարման միջոցներ։
Ընկերությունում ակնկալում են արդեն օգոստոսին սկսել սերիական արտադրությունը։ Նախատեսվում է, որ հրթիռները կարող են զինված ուժերի սպառազինություն մտնել 2027 թվականին՝ ինֆրակարմիր ինքնաուղղորդման գլխիկների ստացումից հետո։