Ադրբեջանը անելու է ՀՀ ժողովրդին ահաբեկելու քայլեր․ Ալիևը պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, իսկ

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Ի՞նչ է սպասվում Հայաստանին մինչև տարեվերջ.

Խորհրդարանական արդյունքների վերահաշվարկից անկախ’ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս կմնա վարչապետ։ Միջազգային հանրությանը հիմա դեռևս ձեռնտու է Նիկոլ Փաշինյանը, և «արդարամիտ» Եվրոպան աչք կփակի բոլոր ընտրակեղծիքների վրա։

Ամռանը մեզ ընդհանուր առմամբ հուսահատության ու հիասթափության մեջ թմրություն է սպասվում։ Քաղաքական ուժերը կգնան հանգստանալու, իսկ Հայաստանի ժողովուրդը մնալու է սոված։

Ես չգիտեմ, թե Ռուսաստանը ինչ նոր պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ, բայց եթե Նիկոլ Փաշինյանը նորից չվերադառնա Պուտինի գիրկը, մենք ունենալու ենք նաև գազի թանկացում, ինչը բերելու է ապրանքների գնի զգալի բարձրացման։ Այդ դեպքում ՔՊ ընտրած մարդիկ հերթական անգամ անիծելու են իրենց կարճ խելքը, որովհետև ՔՊ -ի ընտրազանգվածը հիմնականում հենց աղքատ ու տարեց մարդիկ են։

Բայց դա դեռ ամենը չէ։

Սեպտեմբերին Հայաստանի առնվազն 230 գյուղերում կփակվեն դպրոցները, իսկ դրանք հիմնականում սահմանամերձ փոքր գյուղեր են։ Աշնանը ամիսների ընթացքում այդ գյուղերը կդատարկվեն, որովհետև դպրոց ու մանկապարտեզ չունեցող բնակավայրերը դառնում են անկենսունակ։ Բնակիչները լքում են ու գնում քաղաքներում վարձով ապրելու։

Բայց սա էլ դեռ ամենը չէ։

Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում շեշտում էր, որ եթե ինքը չստանա սահմանադրական մեծամասնությունը, ապա սեպտեմբերին կլինի պատերազմ։ Կրկնում եմ, ոչ միայն իր չընտրվելու, այլև սահմանադրական մեծամասնությունը չունենալու դեպքում։

Ինչո՞ւ է մեծ պատերազմի վտանգը։ Որովհետև Իլհամ Ալիևը պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը և նոր զիջումների գնալ, իսկ Նիկոլ Փաշինյանը այլևս չունի դրա հնարավորությունը։ Հետևաբար Ադրբեջանը անելու է Հայաստանի ժողովրդին ահաբեկելու նոր քայլեր։

Խնդրում եմ այս գրածներս չընկալել որպես բայղուշություն։ Ես չեմ ուզում, որ լինի այս ամենը, որովհետև դրանք այսպես թե այնպես ազդելու են նաև ինձ և իմ հարազատների վրա։ Բայց իրականությունը դա է։

Հունիսի 7-ից հետո ես որոշում եմ կայացրել այլևս ոչինչ չանել բանակի ուժեղացման, առաջնագծի կահավորման կամ սահմանամերձ բնակավայրերին օգնելու համար։ Ես կնվազեցնեմ նաև իմ քաղաքական ակտիվությունը, որովհետև մարդիկ պիտի իրենց մաշկի վրա զգան իրենց ընտրության հետևանքները։ Իսկ մինչ այս պահը ինձ նման մարդիկ էին իրենց ուսերին վերցնում այդ ծանրությունը։ Կատարված ընտրության համար պետք է պատասխան տան այդ ընտրությունը կատարածները»։

 

Leave a comment