Սրբուհի Գալյանը` Արթուր Օսիպյանին զրո հարկի խոնավ խցում պահելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

10.06.2026 | 13:33

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է արդեն 24 օր հացադուլ իրականացնող Արթուր Օսիպյանի պահման պայմաններին։ Factor TV-ի հարցին, որ տեղեկությունների համաձայն՝ Օսիպյանը պահվում է անմխիթար վիճակում գտնվող խցում՝ բորբոսած ու խոնավ պատերով, արդյո՞ք նման պայմանները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, որին ձգտում է ՔՊ-ն, Գալյանը պատասխանել է, որ քրեակատարողական հիմնարկների պայմաններն «այնպիսին են, ինչպիսին են», սակայն դրանք շարունակաբար բարելավվում են։

Նրա խոսքով՝ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, ինքը նրա վերաբերյալ ամեն օր օպերատիվ տեղեկություններ է ստանում։ Գալյանը նաև հայտնել է, որ նախարարության սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարն այցելել է Օսիպյանին, վերջինին առաջարկվել է հաղորդում ներկայացնել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նա համարում է հանցավոր։

Նախարարի խոսքով՝ ապահովվել է նաև կապը քննչական մարմինների հետ։ «Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը, պատշաճ ապահովվի։ Նրան տրամադրվում է զբոսանքի հնարավորություն, ապահովվում են տեսակցությունները հարազատների հետ»,- ասել է նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե 2016 թվականին որոշում էր կայացվել չօգտագործել զրո հարկերը՝ պայմանների պատճառով, Գալյանը պատասխանել է, որ որևէ հարկի հետ կապված խնդիր չկա և ընդգծել, որ ինքն անձամբ մշտապես լինում է բոլոր հարկերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

Leave a comment