ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը չի երկարաձգի Ռուսաստանի հետ СНВ-3 պայմանագիրը, գրում է Current time-ը։
Պայմանագիրը սահմանափակում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջուկային զինանոցների չափը։ Այն ստորագրվել է Պրահայում 2010 թվականին՝ ԱՄՆ և Ռուսաստանի նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի կողմից։
Truth Social սոցցանցում գրառման մեջ Թրամփը կոչ է արել կնքել «նոր՝ բարելավված և արդիականացված պայմանագիր»՝ հին պայմանագիրը երկարաձգելու փոխարեն։ Նա Բարաք Օբամայի կողմից 2011 թվականին ստորագրված պայմանագիրն անվանել է «վատ կնքված գործարք», որը «կոպտորեն խախտվում է»։
«Մենք պետք է մեր միջուկային հարցերով փորձագետներին հանձնարարենք մշակել նոր՝ բարելավված և արդիականացված պայմանագիր, որը կգործի ավելի երկարատև հեռանկարում»,- գրել է նա։
Հունվարին Թրամփը նույնպես խոսել էր նոր պայմանագրի անհրաժեշտության մասին՝ նշելով. «Եթե այն [հին պայմանագիրը] լրանա, կավարտվի։ Մենք պարզապես ավելի լավ գործարք կկնքենք»։
Թրամփն ավելի վաղ New York Times-ին ասել էր, որ միջուկային զենքի վերահսկման ապագա պայմանագիրը պետք է ներառի ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը՝ աշխարհի երրորդ խոշորագույն միջուկային տերությունը։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը պատասխանել էր, որ այս պահանջն «անհիմն և անիրատեսական է», և որ Չինաստանը պահպանում է իր զինանոցը «նվազագույն մակարդակի» վրա և չի մասնակցում սպառազինությունների մրցավազքին։
Axios-ը հայտնել էր, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները փետրվարի 5-ին Աբու Դաբիում Ուկրաինայում կայացած խաղաղության բանակցությունների շրջանակում համաձայնության են եկել ոչ պաշտոնապես երկարաձգել պայմանագրի ժամկետը առնվազն ևս վեց ամսով, ինչպես նաև քննարկել նոր համաձայնագիր։
Հավելենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին լրացավ ԱՄՆ-Ռուսաստան Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (СНВ-III) ժամկետը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի