Արմեն Թութունջյան՝ մարդ, որի հետ հայկական ջազը քայլում էր փողոցի արևոտ կողմով (տեսանյութ)
Ջազը ազատ երաժշտություն է, ազատ ինչպես բնությունը։ Դու գիտես մեղեդին, սակայն ինչպես վերջնական իմպրովիզացիան կստացվի, պարզվում է միայն կատարման ժամանակ։
Սպենդիարյանի երաժշտական դպրոց, հանդիպում անվանի ջութակահար Դավիթ Օյստրախի հետ համերգից հետո, համոզմունք, որ ջութակի դասարանում պետք է սովորի, բայց պարզվեց, որ մայրիկը նախընտրել է, որ որդին դաշնամուր նվագի։ «Հետո մայրս ափսոսում էր իր այդ որոշման համար»,– ասում էր Արմեն Թութունջյանը, կամ ինչպես նրան սովոր էին անվանել՝ Չիկոն։ Պուշկինի դպրոց, հաշվիչ մեքենաների ուսումնարան, հետո պոլտեխնիկ ինստիտուտ։
«1960-ականները ջազի ռոմանտիկ տարիներն էին աշխարհում։ Ծնողներս Մոսկվայից ձայնասկավառակներ էին բերել, որոնցից մեկը ջազային-սվինգային ռիթմեր էին: «On the sunny side of the street», սա առաջին մեղեդին էր, որն ինձ հուզեց։ Հրապուրվեցի ջազով և անգամ անգլերեն սովորեցի, որ հասկանամ երգի խոսքերը։ Մենք միայն ջազ ենք նվագելու սկզբունքով ենք առաջնորդվել ես ու ընկերներս։ Մենք չենք «կեղտոտվելու», ռեստորաններում պոպուլյար երաժշտություն չենք նվագելու։ Այս նվիրումով ու գաղափարախոսությամբ էինք առաջնորդվում»,– հարցազրույցներից մեկում անկեղծացել է նա։
Հաջողություններ գիտության, մասնավորապես նեյրոֆիզիոլոգիայի բնագավառում, սակայն, երբ հասկացավ, որ այնուամենայնիվ ցանկանում է կենտրոնանալ երաժշտության վրա, ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իրավունք ստանալու իր սիրելի թմբկահարությունը դասավանդելու։ ԱՄՆ-ում ևս ստաժավորում անցավ Berklee College of Music-ում, և ստացած գիտելիքների հիման վրա կոնսերվատորիայի էստրադային և ջազային երաժշտության բաժնի համար կազմեց հարվածային գործիքներ նվագելու ուսումնական ձեռնարկ։ Արմեն Թութունջյանը մեկն էր, ով երաժշտական ճաշակ էր թելադրում ոչ միայն թմբկահարի իր վիրտուոզ կատարմամբ, այլև իր հաղորդումների, գրքերի միջոցով։ «Ջազ թայմ» ծրագիրը ստեղծվեց 1998-ին՝ «Ա1+» հեռուստաընկերության հետ համատեղ։
«Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանի խոսքով, դա ամենաթողության մի ժամանակաշրջանն էր, երբ ամենուր, անգամ հեռուստաէկրաններից հնչում էր ռաբիս, անորակ երաժշտություն։ «Մենք մեր հնարավորության սահմաններում փորձում էինք պրոպագանդել իրական երաժշտարվեստը և «Ջազ թայմ»-ը այդ ծրագրերից մեկն էր»։
«Ես զբաղվում եմ երեք բանով՝ նվագում, դասավանդում և պրոպագանդում եմ ջազ»,- մի առիթով ասել էր Արմեն Թութունջյանը՝ «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավարն էր Նա հավատարիմ մնաց իր այս երեք նախընտրություններին և նրա հետ հայկական ջազը քայլեց փողոցի արևոտ կողմով։
Արմեն Թութունջյանը մահացել է 73 տարեկանում՝ 2017թ հունիսի 8-ին։