Տուգանքներ «սրտիկներից» հետո․ իրական Հայաստանի առօրյան

ՀՀ-ում ԱԺ ընտրություններն ավարտվեցին։ Ըստ պաշտոնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է այնպիսի արդյունք, որը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալիս առաջիկա հինգ տարիներին շարունակել միանձնյա կառավարումը։ Քարոզարշավի ընթացքում քաղաքացիները տեսնում էին ժպիտներ, լսում էին սիրո, համերաշխության, հանդուրժողականության մասին խոսքեր, սոցցանցերը լցված էին «սրտիկներով», իսկ իշխանության ներկայացուցիչները փորձում էին ստեղծել համաժողովրդական միասնության տպավորություն։
Սակայն ընտրությունների ավարտից ընդամենը օրեր անց իրավիճակը կարծես սկսում է վերադառնալ իր սովորական հունին։

Ընտրություններից անիջապես հետո՝ երեկ և այսօր, մայրաքաղաքից և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ պարեկային ծառայությունը կտրուկ ակտիվացրել է վարչական վերահսկողությունը։ Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ արձանագրվում են նույնիսկ ամենաչնչին խախտումները, իսկ քաղաքացիները տեղում ենթարկվում են 10-20 հազար դրամի հասնող տուգանքների։ Եթե նախընտրական շրջանում գերակշռում էր հարաբերական հանդուրժողականությունը, ապա այժմ քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ համակարգը կրկին վերադարձել է իր ամենասիրելի գործիքին՝ տուգանային ճնշումներին, այսինքն Նիկոլի ասած՝ «տուգանքի մատերիալի»։

Բնականաբար, օրենքը պետք է գործի բոլորի համար։ Սակայն այստեղ հարց է առաջանում ոչ թե օրենքի, այլ ժամանակի ընտրության վերաբերյալ։ Ինչո՞ւ վարչական խստության ալիքները հաճախ համընկնում են հենց ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածի հետ։ Ինչո՞ւ ընտրողը մինչև քվեարկության օրը դիտարկվում է որպես իշխանության սիրո և հոգատարության հասցեատեր, իսկ քվեարկությունից հետո՝ որպես բյուջեի համալրման հերթական միջոց։

Ակնհայտ է, որ գործ ունենք դասական քաղաքական տեխնոլոգիայի հետ։ Քարոզարշավի ընթացքում իշխանությունը փորձում է հնարավորինս նվազեցնել հանրային գրգռվածությունը, խուսափել ավելորդ դժգոհություններից և ստեղծել բարենպաստ ֆոն, սակայն ընտրական գործընթացի ավարտից հետո այդ սահմանափակումները վերանում են, և պետական մեքենան վերադառնում է իր սովորական ռեժիմին՝ հարկել, տուգանել, վերահսկել և վարչարարել։

Հասարակության մեջ գնալով ավելի է ամրապնդվում այն ընկալումը, որ իշխանության և քաղաքացիների հարաբերությունները վաղուց դուրս են եկել քաղաքական վստահության շրջանակներից և աստիճանաբար վերածվում են ֆինանսական հարաբերությունների։ Քաղաքացին իշխանությանը պետք է նախ որպես ընտրող, ապա՝ որպես հարկատու, իսկ դրանից հետո նրա հանդեպ հետաքրքրությունն ուղղակի դուրս է գալիս օրակարգից։

Ըստ էությանէ «սիրում եմ բոլորիդ», «խոնարհվում եմ բոլորիդ առաջ» կարգախոսները արդեն իսկ կհիշվեն որպես հերթական նախընտրական ծխածկույթ, իսկ քաղաքացիները կրկին կհայտնվեն այն իրականության մեջ, որտեղ իշխանության սերն առավել հաճախ չափվում է ոչ թե մարդու արժանապատվությամբ, այլ նրա գրպանի պարունակությամբ։

Հ․գ․ Լուսանկարն արված է մայրաքաղքի փողոցներից մեկում․ այս մոտոցիկլը մշտապես տեղակայվել է այս նույն տեղում, սակայն այսօր պարեկները որոշել են, որ այն սխալ տեղ է կայանված և սեփականատիրոջը տուգանել են 20000 դրամով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment