ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած անձ մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։
«Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առվազն օրը պետք է լինեն բանտում»,- ասաց Փաշինյանը գործադիր մարմնի անդամների հետ առաջիկա ծրագրերի քննարկման ժամանակ։
Ըստ վարչապետի` եթե դրա համար անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ, ապա այդ քայլերը պետք է արվեն հիմա և անհապաղ ձևով։
Նրա խոսքով` սա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է։
ՀՀ ԱԺ ընտրությունների մասին
Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։
ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։