Վայրի կենդանիների և բույսերի պահպանության օրենսդրական բարեփոխումները գործնական փուլում են

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ վայրի կենդանական և բուսական աշխարհի պահպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների մշակման գործընթացը գործնական փուլում է։ Միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկել է վայրի կենդանիների և բույսերի շրջանառության, պահման պայմանների, թույլտվությունների տրամադրման և վերահսկողության կարգավորումները՝ CITES կոնվենցիայի պահանջներին և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով։

«Վայրի կենդանական և բուսական աշխարհի պահպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների մշակման գործընթացը գործնական փուլում է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական՝ երկրորդ նիստը, որը վարել է Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ Քննարկման առանցքում եղել են վայրի կենդանիների և բույսերի շրջանառության, ինչպես նաև պահման պայմանների կարգավորմանն ուղղված մշակված իրավական նախագծերը։

Աշխատանքային խմբի շրջանակում ուսումնասիրվել և վերլուծվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերը, գնահատվել դրանց համապատասխանությունը CITES կոնվենցիայի պահանջներին և միջազգային չափորոշիչներին։ Արդյունքում մշակվել են առաջարկություններ՝ թույլտվությունների տրամադրման և վերահսկողության գործընթացների կատարելագործման, ինչպես նաև ներմուծման, արտահանման, վերաարտահանման, տնօրինման և տիրապետման կարգերի հստակեցման ուղղությամբ։

Միաժամանակ վերանայվել և ճշգրտվել են օրենսդրական դաշտում կիրառվող մի շարք հասկացություններ, մշակվել են առաջարկություններ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների համար նվազագույն չափորոշիչների սահմանման վերաբերյալ։

Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար՝ ապահովելով դրանց տեղաշարժի ամբողջական հետագծելիությունը։

Կարևոր քայլեր են իրականացվում նաև սահմանային և ներքին շուկայի վերահսկողություն իրականացնող պետական մարմինների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Մշակվել են տեղեկատվության օպերատիվ փոխանակման թվային մեխանիզմների ներդրման առաջարկություններ, որոնք կնպաստեն վերահսկողության արդյունավետության բարձրացմանը և ապօրինի շրջանառության կանխարգելմանը։

Աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունների փաթեթը գտնվում է ամփոփման փուլում և առաջիկայում կներկայացվի հետագա իրավական կարգավորումների և օրենսդրական փոփոխությունների գործընթացում կիրառման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment