Ստամբուլյան հռչակագրում խոսք չկա Հայաստանի հետ հնարավոր գործակցության մասին

Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի հետ հնարավոր տրանզիտային համագործակցությունը չի հիշատակվում Ստամբուլյան հռչակագրում, որը ստորագրվել է հունիսի 8-ին՝ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 10-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով:

Trend գործակալության կողմից  հրապարակած փաստաթղթի տեքստում, մասնավորապես, ասվում է, որ կողմերը «նշել են իրենց երկրների կողմից ձեռնարկվող կարեւոր քայլերը տրանզիտային պոտենցիալի ուժեղացման ուղղությամբ, ներառյալ Տրանսկասպյան Արեւելք-Արեւմուտք Միջին միջանցքը՝ երկաթուղային մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքը, որն անցնում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով, ինչպես նաեւ ջանքերը՝ միջազգային տրանզիտային համակարգին ինտեգրվելու ուղղությամբ»։
Հռչակագրում նաեւ նշվում է, որ նախարարները «վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը տարածաշրջանային փոխկապակցվածության ուժեղացման ուղղությամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների եւ տրանսպորտի ոլորտի համար պատասխանատու նախարարների մեխանիզմի միջոցով»։

Leave a comment