Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին զգուշացրել է Իրանի հետ հակամարտության հետագա սրման հնարավոր հետևանքների մասին։ Նա այս մասին ասել է իսրայելական N12 հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Current time-ը։

«Ես նրան ասացի՝ «Բիբի [Նեթանյահուի մականունը], դու պետք է շատ զգույշ լինես քո գործողություններում, քանի որ շատ շուտով կարող ես միայնակ մնալ Իրանի դեմ»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ հունիսի 7-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նա խնդրել է Նեթանյահուին չպատասխանել իրանական հարվածներին։ Ըստ Թրամփի՝ Իսրայելը Վաշինգտոնին տեղեկացրել է նախատեսված գործողության մասին արդեն ուշ փուլում։

«Իսրայելցիները մեզ թարմացված տեղեկատվություն են տրամադրել շատ ուշ փուլում։ Նրանք արդեն ճանապարհին էին դեպի Իրան։ Ես կարողացա նվազեցնել հարձակման մասշտաբները»,- ասել է նա։

Թրամփը նաև հայտարարել է, որ հունիսի 8-ի առավոտյան Իրանի ներկայացուցիչները միջնորդների միջոցով խոստացել են դադարեցնել Իսրայելի դեմ հարձակումները և խնդրել են Վաշինգտոնին՝ ազդել Իսրայելի ղեկավարության վրա։

Իսրայելական աղբյուրը Axios-ին ասել է, որ Թրամփի և Նեթանյահուի միջև զրույցի ընթացքում տարաձայնություններ են առաջացել, սակայն Իսրայելի վարչապետը, ի վերջո, համաձայնել է դադարեցնել հարվածները, եթե իրանցիները հարձակում չսկսեն։

Թրամփն ընդգծել է, որ նախկինի պես շարունակում է հետաքրքրված լինել Թեհրանի հետ համաձայնագրի հասնելու հարցում և կարծում է, որ Իրանը նույնպես հետաքրքրված է։

Հունիսի 7-ին Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի արվարձաններում «Հըզբոլլահ»-ի թիրախների վրա իսրայելական բանակի հարձակումից հետո։ Իսրայելը պատասխանել էր Իրանում ռազմական թիրախների վրա հարվածներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment