Հյուսիսային Կորեայի իշխող վերնախավը կուտակել է ավելի մեծ հարստություն, քան երկրի պատմության որևէ այլ ժամանակաշրջանում՝ չնայած միջազգային խիստ պատժամիջոցներին։ Այս ֆոնին ԿԺԴՀ-ն բնութագրվում է որպես «աշխարհի ամենազարմանալի տնտեսական հաջողության պատմությունը»։ Նման եզրակացություն է ներկայացրել The Wall Street Journal (WSJ) պարբերականը։
Ինչպես նշում է WSJ-ն, ԿԺԴՀ-ի տնտեսությունն այսօր ապրում է հզոր վերելք, որի նմանը չի արձանագրվել երկար տարիներ։ Աճի հիմնական շարժիչ ուժերն են զենքի վաճառքը, տարբեր ապրանքների մատակարարումները և Չինաստանի կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը։ Պարբերականն ընդգծում է, որ երկիրը ոչ միայն վաճառում է սեփական արտադրանքը և օգնություն ստանում գործընկերներից, այլև սովորել է շրջանցել պատժամիջոցները՝ ներմուծելով ավելի շատ էներգակիրներ, բաղադրիչներ և տարբեր նյութեր։
Տնտեսական առաջընթացի ապացույցներ WSJ-ն բերում է նաև առօրյա կյանքից։ ԿԺԴՀ-ում տաքսի ծառայությունները զգալիորեն բարելավվել են. ավտոմեքենաներն այժմ հնարավոր է պատվիրել և հետևել դրանց տեղաշարժին բջջային հավելվածի միջոցով, իսկ սպասման ժամանակը կրճատվել է։
Փհենյանի ռեստորաններում մատուցվում են փայտով տաքացվող վառարանում պատրաստված պիցցաներ և հավի թևիկներ, իսկ հաճախորդները կարող են վճարել QR կոդերի միջոցով։ WSJ-ի աղբյուրների համաձայն՝ մայրաքաղաքի փողոցներում զգալիորեն ավելացել են չինական էլեկտրամոբիլների և այլ արտասահմանյան մեքենաների քանակը։
Բացի այդ, Փհենյանում բացվել են կենդանիների նոր խանութներ, տեսախաղերով ինտերնետ-սրճարաններ և ավտոսրահներ, որտեղ վաճառվում են BMW մակնիշի ավտոմեքենաներ։
Միայն անցած տարվա ընթացքում մայրաքաղաքում կառուցվել է 10 հազար նոր բնակարան։ Դա ավելի մեծ ցուցանիշ է, քան նույն ժամանակահատվածում արձանագրվել է Լոս Անջելեսում կամ Չիկագոյում։
Վերջին մեկ տարվա ընթացքում Հյուսիսային Կորեան ավարտին է հասցրել մի շարք խոշոր նախագծեր, որոնք երկար ժամանակ սառեցված էին։ Դրանց թվում են Փհենյանի նոր և ամենամեծ հիվանդանոցը, ջերմոցային հսկայական համալիրը, որի տարածքը գերազանցում է Նյու Յորքի հայտնի Կենտրոնական զբոսայգու մակերեսը, ինչպես նաև նոր առողջարանային համալիրը։
Իշխանությունները նաև գործարկել են «20×10» նախաձեռնությունը, որը նախատեսում է առաջիկա տասը տարիների ընթացքում ամեն տարի 20 քաղաքներում և շրջաններում նոր գործարանների կառուցում։