ԱՄՆ նախագագ Դոնալդ Թրամփի կոչից հետո Իրանն ու Իսրայելը հայտարարել են միմյանց նկատմամբ հարձակումները դադարեցնելու մասին։ Թեև Թեհրանը նաև նախազգուշացրել է, որ կվերսկսի ռազմական գործողությունները, եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահին»։
Ապրիլից ի վեր երկու երկրների միջև դիմակայությունը սպառնում էր ձախողել Թեհրանի հետ համաձայնության գալու և պատերազմին վերջ դնելու ուղղությամբ Վաշինգտոնի ջանքերը։
Նավթի գներն աճել են մինչև 5%-ով հարձակումների այս հորձանուտից հետո, իսկ այնուհետև նվազել են, երբ Իրանի զինվորականները հայտարարել են, որ Իսրայելի ուղղությամբ հարվածների առաջին ալիքն ավարտվել է։ Դոլարը նահանջել է վերջին գրեթե երկու ամսվա ընթացքում իր ամենաբարձր մակարդակից։
Այս հարցով իրազեկված աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը նույնպես որոշել է դադարեցնել իր հարվածները Իրանին։
Հիշեցնենք՝ Թեհրանը կիրակի ուշ երեկոյան հրթիռներ էր արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ՝ դա անվանելով պատասխան հարված Բեյրութի արվարձաններում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» զինված խմբավորման դեմ իրականացված հարձակումներին։
Դրանից հետո Իսրայելը հարվածել էր իրանական հակաօդային պաշտպանության համակարգերին և նավթաքիմիական գործարանին, որը, ըստ իսրայելական կողմի, օգտագործվում էր բալիստիկ հրթիռների արտադրության համար։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ ի պատասխան հարված է հասցրել Հայֆա քաղաքում գտնվող նմանատիպ իսրայելական գործարանին։